«Եթե այդքան մտահոգ էին, թող հանրահավաքներ չանեին… բիզնեսմենների ֆինանսական միջոցները սպառված են, չենք կարող թույլ տալ ևս մեկ անգամ ընկնել լոքդաունի մեջ»․ փորձագետ

Մարտի 4-ին «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն էր տարածել, որում Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարներն իրենց խորը մտահոգությունն էին հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման կապակցությամբ:

Նրանք համարում են, որ «կառավարության շարժառիթները ունեն բացառապես քաղաքական հիմք», սահմանափակումները կրում են կենսական վտանգ իրենց ոլորտի համար, և կոչ են անում չխոչընդոտել բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող սեզոնի սկիզբը գործարկելուն, զերծ մնալ չմտածված գործողություններից և տարանջատել քաղաքականությունը, առողջապահությունը և բիզնեսը։

«Մենք կորցրեցինք ամբողջ 2020 թվականը և աշխատել ենք 2019 թվականի 30 տոկոս հնարավորություններով։ Մեր բիզնեսմենների ֆինանսական միջոցները սպառված են, թույլ չենք կարող տալ ևս մեկ անգամ ընկնել լոքդաունի մեջ, ու սա նախազգուշացում է կառավարությանը, որ մեր ոլորտի բոլոր բիզնեսմենները խիստ բացասական են տրամադրված, և կոչ ենք անում քաղաքականությունը հանել և՛ առողջապահությունից, և՛ տնտեսությունից։

Կոչ ենք անում թողնել ռոմանտիզմը, ներքաղաքական, ներխմբակային շահերը և վերադառնալ աշխատանքային փուլ։ Չի կարելի մանիպուլյացնել կորոնավիրուսով հիվանդների թվով, եթե այդքան մտահոգ էին, թող հանրահավաքներ չանեին։ Մեր ոլորտում միշտ հետևել ու հետևում եմ հակահամաճարակային կանոններին, որովհետև մեր բիզնեսի անվտանգության ջատագովներն ենք»,- 168.am-ի հետ  զրույցում ասաց հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը։

Նրա փոխանցմամբ՝ մեկ տարվա ընթացքում փակվել են օբյեկտներ, որոշները ֆինանսական խնդիրներ ունեն։

«Շատ օբյեկտներ փակվել են, շատերը ֆինանսական ծանր իրավիճակում են հայտնվել, և մեկ անգամ ևս հարված հասցնել այս ոլորտին՝ մենք թույլ չենք տալու։ Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարներն առաջին հերթին պետք է մտածեին, թե ինչպես կազմակերպեին այս ամենը, որ գոնե մեր ստրատեգիական գործընկեր համարվող Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը մեծ լիներ, որովհետև միշտ մեզ մոտ ՌԴ-ից զբոսաշրջիկների մեծ հոսք է եղել, ու նրանք ամենագնողունակն են»,- հավելեց հանրային սննդի ոլորտի փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս