5000 դրամ տուգանքի դեպքում 6000 դրամ պետք է տան՝ բողոքարկելու համա՞ր․ Վարորդներն ու մասնագետները դատարան են դիմելու պետական տուրքի չափը բարձրացնելու հետ կապված
«Պետական տուրքի մասին» օրենքը 1999 թվականից ի վեր ոչ մի անգամ փոփոխության չի ենթարկվել, հատկապես՝ վճարման չափերի մասով, այն դեպքում, երբ Հայաստանում այս տարիներին փոխվել են բազմաթիվ սոցիալ-տնտեսական գործոններ. այս մասին մարտի 2-ին ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Վահե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի տվյալներով՝ ՀՀ ՀՆԱ-ն 2000 թվականի համեմատ՝ 2019 թվականին աճել է 3,4 անգամ: Երկրում միջին աշխատավարձը 2000 թվականի համեմատ ավելացել է գրեթե 8 անգամ: 2000 թվականին այն կազմել է 22 հազար դրամ, 2019-ին՝ 182 հազար դրամ: Սպառողական զամբյուղի արժեքն ավելացել է 2,8 անգամ:
2003 թվականին միջին աշխատավարձը կազմել է 13 հազար դրամ, 2020-ին՝ 68 հազար դրամ: 2018 թվականի փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, իսկ եկամուտը՝ ընդամենը 1,7 մլրդ դրամ: 2019 թվականի փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, իսկ եկամուտը՝ մոտ 2 մլրդ դրամ։
Այդ կապակցությամբ առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը: Այդպիսով, օրինակ, առաջին ատյանի դատարան դիմելիս ծառայությունների չափը բարձրանում է առնվազն մինչև 6000 դրամ: Ընդ որում, առավելագույն շեմ է սահմանված 25.000 դրամի չափով:
Վերաքննիչ դատարանի դեպքում քաղաքացին ստիպված կլինի ներդնել առավելագույնը 15.000 դրամ, Վճռաբեկ դատարանի դեպքում՝ 10.000 դրամ: Գործը վարչական դատարանում քննելու դեպքում քաղաքացին ստիպված կլինի վճարել 6000-25.000 դրամ:
Օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը դժգոհությունների առիթ է հանդիսացել, օրինակ, վարորդների մոտ, ովքեր ՃԵԿ խախտումների բողոքարկման համար ստիպված կլինեն պետտուրք վճարել։
«Այսինքն, 5000 դրամ տուգանքի դեպքում 6000 դրամ պետք է տան՝ բողոքարկելու համա՞ր»,- դժգոհեց վարորդներից մեկը։
Իսկ ոլորտի ներկայացուցիչները կարևորում են առաջին հերթին՝ արդար դատական համակարգ ունենալու հանգամանքը, ապա նոր՝ նման նախագիծ ներկայացնելը։ Ասում են՝ երաշխիքներ պետք է տան, որ ողջամիտ ժամկետում ու առավել որակով քննվեն գործերը։
«Ընդհանուր առմամբ գնային փոփոխություններ են տեղի ունենում, այսինքն, այն միայն երթևեկությանը չի վերաբերում։ Վարչական դատարան դիմելու մասով կարծես թե փոփոխություն չկա, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարան դիմելու մասին է խոսքը։ Նախկինում 10․000 դրամ Վերաքննիչ դիմելիս է եղել պետտուրքը, 13.000 դրամ՝ Վճռաբեկ դատարան դիմելիս։ Եթե հիշողությունս չի դավաճանում՝ մոտ 10․000 վարորդ է դիմել դատարան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը։
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն էլ նկատեց․
«Վարչական դատարան դիմելու նվազագույն շեմը 4000 դրամ է՝ նաև ՃՈ խախտումների համար։ Այսինքն՝ 5000 դրամանոց խախտումը բողոքարկելու համար ստիպված էիր վճարել 4000 դրամ։
Ներկայումս շեմը սարքում են 6000 դրամ։ Այսինքն, 5000 դրամանոց տուգանքների համար դառնում է անիմաստ դատարան դիմելը, իսկ 10․000 դրամանոց տուգանքների համար դառնում է ռիսկային։ Քաղաքացիական դատարան դիմելու նվազագույն շեմը մանր գործերով 1500 դրամ է, դա դարձնում են կրկին 6000 դրամ»։