Բաժիններ՝

Դա երկու տարի առաջվա միտքն է․ «105 ռոյալ» նախագծի հեղինակը՝ ռոյալները Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրելու լուրերի և նոր որոշման մասին

Փետրվարի 24-ին լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալները կտեղադրվեն Ծիծեռնակաբերդի բարձունքում, կհնչեն դասական արվեստի ստեղծագործություններ, իսկ հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի և Արցախի երաժշտական դպրոցներին։

«Դա երկու տարի առաջվա միտքն է, սակայն, քանի որ եղավ կորոնավիրուսի համաճարակ, չարաբաստիկ պատերազմը, էլ չենք հասցնի։ Կորոնավիրուսի հետ կապված՝ ճանապարհները լիարժեք դեռ չեն բացվել, և վտանգ կա, որ ապրանքը ժամանակին տեղ չհասնի, մենք մի քիչ կսպասենք։ Իսկ 105 ռոյալը կրկին շեշտվում է, քանի որ դրանից է սկսվել այս միտքը դա չի նշանակում, որ այս տարի 106-ն է, մյուսը՝ 107-ը, պետք է այդպես անվանել։ Դրա համար թողել ենք 105-ը, որի մասին քիչ թե շատ արդեն լսել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն և «105 ռոյալ» նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշեց՝ քանի որ կա վեհ ու բարի միտք՝ մեր երաժշտական դպրոցներին հասցնել ռոյալներ, հասկացել են, որ պետք չէ կանգ առնել, պետք է շարունակել։

«Չերչիլը լավ խոսք ունի, ասում է՝ եթե մշակույթի մասին չենք մտածում, էլ ինչո՞ւ ենք պատերազմում։ Իսկ մշակույթը, ինչպես և կրթությունը, շատ կարևոր ճյուղ է, պետք է փոքրուց մշակույթով զինենք։ Մշակույթով զարգացած մարդու շնորհիվ շատ պատերազմներ կարող են գլխատվել։ Քաղաքապետարանի թույլտվությամբ մարտի 2-ից Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրելու ենք ռոյալ, և հայտարարում ենք մշակութային վերազինման տարի: Եթե այս նախագիծը լինի մայիսի վերջին կամ հունիսին, կամ սեպտեմբերին, ծառայելու է իր նույն գաղափարին։

Տաղավարը «մշակութային դիրք» ենք կոչելու․եթե մեր զինվորները սահմանին կանգնած են զենքով և պահպանում են մեր երկիրը, որ անվտանգ լինի, մենք էլ ուզում ենք, որ մեր երաժիշտներն այդ տաղավարում իրենց զենքով, իրենց գործիքներով իրենց գործն անեն, պահպանեն մշակույթը, էստաֆետը հանձնեն ապագա կոմիտասներին և բաբաջանյաններին։

Բացման օրը ներկա կլինեն Երևանի և մարզերի երաժշտական դպրոցներից։ Տաղավարը դառնում է քաղաքի սրտում մշակութային մի տարածք, որտեղ ամեն օր կնվագեն տարբեր երաժշտական դպրոցների սաները։ Եվ երեխաներին ցույց կտանք, և նրանք կոգևորվեն, որ մանկուց մի լավ բան են անում, որպեսզի այլ դպրոցների իրենց ընկերները նույնպես առաջիկայում լավ գործիք ունենան։ Իսկ մենք իրականում գործիքի մեծ խնդիր ունենք։ Արվեստի յուրաքանչյուր ճյուղ պետք է վերազինվի։

Մենք վարանելու ժամանակ չունենք, պետք է բացահայտենք, թե երեխան ինչ ջիղ ունի, ու դա զարգացնենք․ լինի մարզիկ, նկարիչ, թե երաժիշտ։ Իսկ եթե ռինգ չկա, մարդ բոքս չի կարող պարապել։ Իսկ եթե ռոյալ չլինի, մարդը ո՞նց նվագի։ Մենք չնաշխարհիկ երեխեք ունենք, բայց վատ է, որ գործիքների պակասի պատճառով իրենց չեն կարողանում լիարժեք ցույց տալ»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է պետական աջակցություն ստանալուն՝ նախագծի հեղինակը հայտնեց, որ որևէ պետական կառույց իրենց գումար չի տալու։

«Ի դեպ, Քաղաքապետարանը միայն թույլտվություն է տվել, ԱԳՆ-ն մեզ աջակցում է, որպեսզի տարբեր երկրների հայ համայնքները մասնակցեն համահայկական դրամահավաքին։ Իրաքի հայ համայնքը մեծ խանդավառությամբ ընդունել է և ուզում է մասնակցել, Ռումինիայի, Իսպանիայի, Սոչիի համայնքները ևս հայտնել են մասնակցության մասին։ Ոչ մի պետական կառույց՝ սկսած քաղաքապետարանից, վերջացրած ԿԳՄՍ-ով, ֆինանսապես չի օժանդակում, և չենք էլ ուզում։

Միայն հուշագիր կա ԱԳՆ-ի և ԿԳՄՍՆ-ի հետ, որը ենթադրում է ռոյալները բերելու հետ կապված հարցերում աջակցություն, լուսաբանում, այսինքն՝ բարոյական աջակցություն։ Չգիտես՝ ինչու՝ համահայկական բառը «Համահայկական հիմնադրամի» հետ են կապում, բայց նման բան չկա։ Երբ համահայկական բառը կար՝ հիմնադրամը չկար»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ գումարը դեռ չի հավաքվել, սակայն վստահ է՝ կկարողանան նախագիծը կյանքի կոչել։

«Մեր հայրենասեր հայրենակիցների հանգանակության շնորհիվ կկարողանանք իրագործել այս մեգանախագիծը։ Ռոյալի գինը 9-12,000 դոլար է, բայց հայտնի ֆիրմաներից մեկը 50 տոկոս զեղչով է տալիս՝ հաշվի առնլով, թե ինչ նախագիծ է։ Հիմքում այն է, որ դեմ ենք ցեղասպանություններին։ Իսկ այդքան գումարով այստեղ էլեկտրական դաշնամուրներն են դրված։ 1 հատով կամ 5 հատով չենք կարող ձեռք բերել, պայմանավորվածություն ունենք, որ զգալի գումար հավաքվի, որպեսզի կարողանանք ֆիրմային փոխանցել, որ վստահ լինեն՝ 105 ռոյալ կարող են սարքել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս