
Ամեն անգամ դիմում եմ կառավարություն, ու ամեն անգամ ուղարկում են քաղաքապետարան կամ ԾԻԳ. ձե՞ռ եք առնում. Կոնդ թաղամասի նախկին բնակիչ

«Կոնդ թաղամասի միակ բնակիչն եմ, որ մինչ օրս չի ստացել իր հասանելիք բնակարանը. բոլորին ինչ-որ կարգով ինչ-որ բանով ապահովեցին, իսկ ինձ բռնի ուժով, առանց դատարանի վտարման որոշման՝ շպրտել են փողոց մինչ օրս»,- 168.am-ի զրույցում 2009թ. իր հանդեպ տեղի ունեցած անարդարության մասին է բարձրաձայնում պետական գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանը:
Քաղաքացին պնդում է՝ գերակա շահ ճանաչված իր տարածքի փոխարեն՝ փոխհատուցում չի ստացել: Երկար դատական գործընթացներից հետո էլ խնդիրը լուծում չի ստացել:
Ալլա Մանուկյանը մինչ օրս պետական տարբեր կառույցներից ակնկալում է, որ վերջապես կստանա իրեն հասանելիք բնակարանը, սակայն լուծումն այդպես էլ չկա. «Էլի դիմում եմ քաղաքապետարան, կառավարություն, վարչապետին դիմում-բողոք եմ գրում, բաց նամակ եմ գրում. մի քաղաքացու հարց է՞լ չեն կարողանում լուծել:
Նամակ եմ ստացել ԾԻԳ-ից, ինձ ասում է՝ սեփականատերը պետք է քեզ բավարարեր. ես Սահմանադրական օրենքներն եմ նայել, ամբողջ գիշեր նստել-կարդացել եմ. ո՛չ, ես որպես գրանցված, հաշվառված, ինձ հետ էլ պետք է կազմակերպությունը պայմանագիր կնքեր. Հասկանո՞ւմ եք՝ լակոտի տեղ դրած՝ խաբելով ման են գալիս»:
Մեր զրուցակիցը նշում է՝ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր էր կապում, սակայն իր ոտնահարված իրավունքներն այդպես էլ չեն վերականգնվում.
«Իրենք չպետք է լուծե՞ն իմ հարցը. գերակա պետական շահ է ճանաչվել. կառավարությունը պետք է լուծի այդ հարցը: Ամեն անգամ դիմում եմ կառավարություն, իր աշխատակազմին, իսկ ինձ ամեն անգամ ուղարկում են քաղաքապետարան կամ ԾԻԳ. ձե՞ռ եք առնում մարդուն»:
Քաղաքացին հույսեր է կապել նաև միջգերատեսչական հանձնաժողովի հետ, որը նմանատիպ իրավիճակների բազմակողմանիորեն ուսումնասիրելու և առկա խնդիրները կարգավորելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ ստեղծել էր Նիկոլ Փաշինյանը, բայց կրկին իր հարցը մնացել է չլուծված:
«Երկու տարուց ավելի է՝ ձեզ եմ դիմում, առավոտից երեկո գալիս եմ կառավարության շենքի դիմաց եմ կանգնում. ինչքա՞ն կարելի է: Այդ հանձնաժողովը պետք է կազմվեր… անհայտ կորած են: Հույս ունեինք, որ իրավիճակ է փոխվել, վերջիվերջո, գերակա պետական շահ է ճանաչվել. կառավարություն, դո՛ւ ես գարանտը եղել, դու ինձ ծախել ես կազմակերպությա՞նը»,- դիմելով կառավարությանը՝ ասում է Ալլա Մանուկյանը: