ԱՀԿ-ում հանձն չեն առնում կանխատեսելու համավարակն ավարտվելու ժամկետները
Փորձագետներն առայժմ չեն կարող կանխատեսել, թե հատկապես երբ կավարտվի COVID-19-ի համավարակը, կարելի է լոկ ենթադրել, որ 2022 թվականի սկզբին նոր կորոնավիրուսային վարակի ազդեցությունը չի խախտի ամբողջ հասարակության կյանքը: Փետրվարի 25-ին այդ մասին պատմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Կոպենհագենում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվել է Facebook-ում։
«Ոչ ոք չի կարող կանխատեսել համավարակի կուրսը: Որպես աշխատանքային վարկած, ես կարող եմ ենթադրել, որ 2022 թվականի սկզբին մենք կազատվենք համավարակի ավերիչ միջամտություններից, բայց վիրուսը կմնա: Ամեն ինչ կախված կլինի մեր անհատական եւ կոլեկտիվ պահվածքից: Երբ ես ասում էի, թե վատթարագույնը մնացել է հետեւում, նկատի ունեի, որ 2020 թվականը terra incognita էր. մեզ մոտ քաղաքական մթություն էր, գիտական անորոշություն, բայց ես չէի ասում, թե ամեն ինչ կանցի մի երկու ամսում, քանի որ դա չի կարող կանխատեսել ոչ ոք»,- նշել է նա:
Այսօրվա դրությամբ ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանում արձանագրված է COVID-19-ի շուրջ 38 միլիոն դեպք, ինչպես նաեւ նոր կորոնավիրուսի 850 հազար զոհ: SARS-CoV-2 վիրուսը շարունակում է մեծ տեմպեով տարածվել Եվրոպայում, ըստ որում առանձնահատուկ անհանգստություն են հարուցում մուտացիայի ենթարկված երկու տարբերակները, որոնք շարունակում են դուրս մղել մյուս մանրէահիմքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: