
«Հուսով եմ՝ մեր ԱԳ նախարարը կգնա Արցախ՝ ապացուցելու, որ Ադրբեջանը չի որոշում՝ ինքը գնա՞, թե՞ ոչ». Թևան Պողոսյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ Արցախում մեծագույն անորոշություն կա, թե ի՞նչ է լինելու հետագայում՝ անվտանգային, տնտեսական, սոցիալական հարցերի առնչությամբ:
«Սոցիալական խնդիրները ոչ թե լուծված են, դա սխալ ձևակերպում է, այլ պարզապես կա տեղեկություն, թե ինչ տեսակի մարդուն ինչ գումար է հասնում: Այդ գումարները ժամանակի ընթացքում գալիս վճարվում են: Նույնիսկ վճարման հետ կան խնդիրներ, ժամանակին կնքվել էին պայմանագրեր տան վարձակալության համար, օրինակ՝ հադրութցիների և շուշեցիների համար, և այդ գումարներն էլ չեն փոխանցվում, բայց կա պայմանագիր, և հուսով ենք, որ ինչ-որ ժամանակ հետո գումարները կփոխանցվեն: Այնուամենայնիվ, մարդիկ տիրապետում են այդ տեղեկությանը, մնացածի հետ կապված անորոշություններ են»,- ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ամենացավալին այն է, որ ամեն օր կարող է նոր տեղեկություն հայտնվել, օրինակ՝ սահմանը հատելու կարգի մասին, խնդիրներ են առաջանում կապի հետ:
«Բացակայում է մեծագույն հարցի պատասխանը՝ «թե լավ, բա Հայաստանն ի՞նչ է մտածում մեր մասին»: Արցախյան շարժման օրը, որի առաջին ցույցը եղել է փետրվարի 13-ին, բայց փետրվարի 20-ին է նշվում Վերածննդի օրը, Արցախում տեղի ունեցան միջոցառումներ, մեզ մոտ մի քանի հայտարարություններ եղան, որոնք նույն ձևով մեծ հարցականներ բարձրացրին, թե արդյոք Հայաստանը պահպանելո՞ւ է միանալու ցանկությունը, որովհետև Արցախն ասում է՝ «միացում», միասնականության մասին է խոսում, բայց այստեղից ոնց որ մի տեսակ ասում են՝ «դե, մենք ձեր հետ ենք, բայց…», բայց թե ի՞նչ գործողություններ են արվում, չեն ասում: Միգուցե չեն կարողանում, չեն հասկանում, թե ո՞ր ուղղությունը պետք է որդեգրվի, բայց կա խնդիր, արցախցիները, տեսնելով մարդկանց, հարց են տալիս՝ «Հայաստանը ձեռքերը լվացե՞լ է մեզանից, մենք մեզանո՞վ ենք»»,- ասաց Պողոսյանը:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը պնդեց, որ այս հարցի պատասխանի բացակայությամբ է նաև պայմանավորված Արցախում ռուսերենը պաշտոնական դարձնելու գաղափարը: Թևան Պողոսյանի կարծիքով՝ չպետք է զարմանալ, եթե հետագայում Ռուսաստանի հետ մերձեցման այլ քայլեր ևս ձեռնարկվեն.
«Մարդիկ պետք է ապահովեն իրենց անվտանգության զգացումը»:
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Թևան Պողոսյանն ասաց, որ Պաշտպանության բանակում տեղի ունենալիք փոփոխությունները դեռ վաղ է բարեփոխում անվանել, քանի դեռ հայտնի չէ, թե ի՞նչ է տեղի ունենալու:
«Մեծագույն ցավ է առաջացնում, երբ Հայաստանից ասում են՝ «շատ ուրախ ենք, որ մեր տղաներն էլ չեն գնալու Արցախ», չնայած մյուս կողմից՝ կարելի է զարմանալ, որովհետև Արցախում այսօր երևի ավելի հանգիստ ու անվտանգ է՝ համեմատած Սյունիքի սահմանների կամ այլ հատվածների հետ»,- ասաց Պողոսյանը:
Արցախում օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին դիմավորել էին «Արցախում տեղ չունես», «Առանց Ժաննա կրթություն» կարգախոսներով պաստառներով, բացատրություն էին պահանջել Նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական որակելու համար: Թևան Պողոսյանն ասաց, որ բնական էր այդ արձագանքը, քանի որ Նժդեհի հարցն այնտեղ շատ սուր է դրված: Պողոսյանն Արցախից նաև ուրախալի լուրեր հայտնեց:
«Երեկ հաստատվեց տեղեկությունը, որ Արցախի ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է հայտարարություն Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերաբերյալ: Հուսամ, որ սա ապագայում հիմք կծառայի՝ ինչպես օկուպացիայի մասին օրենք նախապատրաստելու, այնպես էլ՝ նոր հայտ ներկայացնելու բանակցային գործընթացում, թե ինչպես են շատ հաճախ նաև տեխնիկական հարցեր լուծելու: Իմ պատկերացմամբ՝ բանակցային գործընթացում եղած 3 սկզբունքներն էլ գտնվում են ուժի մեջ, այնպես չէ, որ տարածքային ամբողջականության հարցն այլևս դուրս է եկել, պետք է բանակցել, Արցախը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի տարածքի մաս, պետք է տարածքային ամբողջականության հարցերը քննարկեն՝ չմոռանալով ոչ միայն Հադրութը, Շուշին, այլև Մատաղիսը, Թալիշը, Շահումյանը և մնացած տարածքները, ինչպես Բերձորը, Քարվաճառը և այլն, քանի որ, համաձայն Արցախի այսօր գործող սահմանադրության, այդ տարածքներն Արցախի Հանրապետության տարածքներն են»,- ասաց Պողոսյանը:
Նրա կարծիքով՝ դեռ օրակարգում են ազգերի ինքնորոշման, ինչպես նաև՝ ուժի չկիրառման հարցը, որն Ադրբեջանը և Թուրքիան խախտել են: Թևան Պողոսյանը պնդեց՝ եթե մեր Արտաքին գործերի նախարարը նորից չգնա Արցախ, ապա ողջամիտ կասկած կծագի, որ ճիշտ էին այն պնդումները, թե Ադրբեջանն արգելել է:
«Մինչև չտեսնենք արտգործնախարարի երկրորդ այցը, կասկած ենք ունենալու, որ իսկապես Ադրբեջանն այդ պահանջը դրել է, և ՀՀ-ն ընդունել է, որ առանց իրենց թույլտվության՝ մեր արտգործնախարարն Արցախ չի գնալու: Հուսով եմ, որ մի օր կգնա՝ ապացուցելու, որ Ադրբեջանը չի որոշում՝ ինքն իրավունք ունի՞ գնալ, թե՞ ոչ: Մենք պետք է ապացուցենք, որ Ալիևի մատ թափ տալը կամ բռունցքով սեղանին խփելը մեզ համար որևէ նշանակություն չեն ունենալու»,- ասաց Պողոսյանը:
Լրագրողի՝ գերիների մասին հարցին ի պատասխան՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը վստահեցրեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք փոքր ինչ հնարավորություն և լծակ ունեն, օգտագործում են դա գերիներին վերադարձնելու համար: Պետության աշխատանքի մասին ասաց.
«Եթե կտեսնենք գերիների վերադարձ, ուրեմն կան արդյունքներ, գործողությունները պարտադիր չէ, որ տեսանելի լինեն»:
Թևան Պողոսյանը, անդրադառնալով թշնամու կողմից անհետ կորածներին փնտրել թույլ չտալուն, ինչն արդարացնում են եղանակային պայմաններով, ասաց, թե չի բացառում, որ դա հատուկ է արվում, քանի որ գործ ունենք թշնամու հետ: