«Փողոցը բարձրագոչ կարգախոսների ներքո օտար, թշնամական սցենարով իշխանության Է բերում մի մարդու, որը կործանում է իր երկիրը». ռուս խորհրդարանականը` «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի, իբրև թե, չպայթած հրթիռների վերաբերյալ խոսում է նրա անիրազեկության մասին: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը:

«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս ժողովրդական դիպուկ իմաստնությունն ամենից լավ է բնութագրում Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդեր»-ների կիրառման և դրանց «հնացած լինելու» մասին»,- ասել է ռուս պատգամավորը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ հրթիռային համալիրն արդեն լավագույնն են համարում նրանք, ովքեր հասկանում են պատերազմի և խաղաղության հարցերից: Խորհրդարանականը հիշեցրել է, որ «Իսկանդեր»-ն իր բարձր հատկությունները հաստատել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում:

Սաբլինը նշել է նաև Փաշինյանի նման արտահայտությունների մեկ այլ պատճառ: «Սորոսական ձեռնարկները հուսախաբ են արել Փաշինյանին… Դա ևս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպես է փողոցը բարձրագոչ, գեղեցիկ կարգախոսների ներքո օտար, թշնամական սցենարով, իշխանության բերում մի մարդու, որը կործանում է իր երկիրը»,- ասել է Սաբլինը:

Նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Տեսանյութեր

Լրահոս