Ռազմարդյունաբերության ցուցահանդեսում հենց հիմա մեր երկիրը ներկայանում է բուկլետով ու ջրով. Հայկ Մամիջանյան
«Հայրենիքի փրկության շարժման» բոլոր քաղաքական ուժերն իրենց մոբիլիզացիոն ռեսուրսն են օգտագործում՝ փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի համար, և դրա արդյունքը բավականին տեսանելի էր, շուրջ 40.000 մարդ էր մասնակցում: Այն կուսակցական շարժում չէ, որովհետև այնտեղ հավաքված էին մեծ թվով մարդիկ, որոնք պարզապես քաղաքացիներ էին»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ հաճախ «Հայրենիքի փրկության շարժմանը» մեղադրում են կտրուկ գործողությունների պակասի համար:
«Պատգամավորների, ուժային կառույցների, պաշտոնյաների վրա ներազդելով՝ հնարավոր է այս խնդրի լուծումը: Այն մարդիկ, ովքեր դավաճանել են հայրենիքը, պետք է իրավունք չունենան առանց դիմակի, առանց թաքնվելու դուրս գան հասարակության մեջ: Ինչ-որ մեկը դա կարող է համարել վախեցնել, իսկ ես համարում եմ հասարակության արդար ճնշում: Բոլոր այն մարդիկ, ովքեր պլանավորում էին, որ մեկ օրվա ընթացքում այս խնդիրը պետք է լուծվի, կամ ռոմանտիկ են, կամ քաղաքական գործընթացներից այնքան էլ լավ չեն հասկանում:
Այսպիսի աննախադեպ դավաճանական քայլից հետո, եթե հաջորդ օրն Ազատության հրապարակում, որտեղ կանգնած էին ՀՀԿ-ն ու այլ քաղաքական ուժեր, նոյեմբերի 10-ին կանգնած էր 2000 մարդ, ապա ձեռքբերումն այն էր, որ 2000-ից դարձավ 40.000 մարդ՝ նույն վայրում, փետրվարի 20-ին: Մենք ասել ենք, որ դավաճանները Հայաստանում օր ու արև չեն ունենալու և մեր խոսքի տերն ենք,- նկատեց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով,- Ռազմարդյունաբերության ցուցահանդեսում հենց հիմա մեր երկիրը ներկայանում է բուկլետով ու ջրով: Դրա վրա բյուջեից ծախսվել է առնվազն 25 միլիոն դրամ: Ես խոսում եմ միայն ցուցահանդեսի տաղավարի վարձակալության մասին: Ինչո՞ւ, որովհետև մեր Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը չի կարողացել կազմակերպել ռազմական տեխնիկայի՝ Մոսկվայից Աբու Դաբի տեղափոխումը»: