Բաժիններ՝

«Ադրբեջանը շատ անմարդկային էր գործում, ես իմ աչքերով եմ տեսել»․ Ջիվան Ավետիսյանը Արցախյան երկրորդ պատերազմի մասին ֆիլմ կնկարահանի

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմը կներկայացվի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Վերածնվածը» ֆիլմում: Ռեժիսորի կողմից արված վավերագրական կադրերի շնորհիվ շատ բացահայտումներ կլինեն:

«Կիրակի առավոտ էր։ Երկար աշխատել էինք։ Նոր էի պառկել քնելու, երբ տնեցիներն արթնացրին՝ հայտնելով, որ պատերազմ է սկսվել։ Շատ ծանոթներ ունեի առաջնագծում, Արցախի մի շարք շրջաններում, այդ թվում և՝ Ստեփանակերտում, ուստի փորձեցի առաջինը կապ հաստատել նրանց հետ, իմանալ, թե ինչպես են։ Բոլորը մեկ բան էին ասում՝ ռմբակոծությունն ուժգին է և ամենուր, աննախադեպ հարձակում է սկսվել, և դա վերածվելու է մեծ պատերազմի: Այս բոթից 4 ժամ չանցած՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնից բավականին մտածված նամակ ստացանք, որ տպավորություն էր՝ ամեն ինչ պատրաստված էր։ Նշված էր. «Շատ ցավում եմ, բայց դուք կհասկանաք, որ, ներկա հանգամանքներից ելնելով, «Դրախտի դարպասը» ֆիլմը չենք կարող ցուցադրել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում»։

Ես իմ ֆիլմերով փորձել եմ պայքարել հանուն Արցախի, հանուն խաղաղության, ու ինձ համար ցավալի, ինչպես նաև անհասկանալի էր, թե ինչո՞ւ հանեցին։ Որքան հնարավոր էր՝ փորձեցինք բացատրել, որ սխալ բան են անում, չի կարելի արվեստը խառնել այս ամենին։ Այստեղից՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը նույնպես նամակներ ուղարկեց, եվրոպացի իմ կոլեգաները ևս իրենց ձայնը բարձրացրեցին, բայց, փաստորեն, անհնար եղավ ինչ-որ բան փոխել՝ որոշված էր արդեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը։

Հոկտեմբերի 2-ին Ջիվան Ավետիսյանն արդեն Ստեփանակերտում է եղել և միացել է Արցախի հանրային հեռուստատեսության իր գործընկերներին։

«Նկուղում էինք մնում։ Ես ունեի երեք աթոռ, որոնք միացնում էի իրար ու քնում էի, հետո տվեցին քնապարկ։ Ես փորձեցի իմ լուման ունենալ հեռուստատեսության աշխատանքում՝ այդ ծանր ժամանակահատվածում։ Եղա Արցախի գրեթե բոլոր հատվածներում։ Շատ բան նկարեցի նաև իմ ճամփորդական լուսանկարչական ապարատով, որն ամենուր ինձ հետ էր։ Եվ կամաց-կամաց սկսեց ինձ մոտ մասնակի փոխվել «Վերածնվածը» ֆիլմի պատմության մի գիծը։ 2016թ․ ապրիլյան պատերազմի փոխարեն՝ անդրադառնալու ենք 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։

Թիմի հետ անընդհատ կապի մեջ էի ու ասում էի՝ եթե ինձ հետ բան պատահի, ապա իմացեք, որ հեռուստաընկերությունում ունեմ մի ուսապարկ, որտեղ լուսանկարներ, տեսանյութեր պարունակող կրիչներն են։ Ոչ մի տեղ ապահով չէր, մեզ վրա ռումբեր էին թափվում․․․ Հոկտեմբերի 5-ին կամ 6-ին՝ Ստեփանակերտի էլեկտրացանցի ռմբակոծման օրը, մենք այնտեղ էինք, շենքի պայթյունից հետո հսկայական քարեր էին թափվում։ Գետինը ոտքերիս տակ դողում էր այնպես, ինչպես օվկիանոսի ալիքները»,- պատմեց Ջիվան Ավետիսյանը:

Կինոռեժիսորի փոխանցմամբ՝ առաջին անգամ հայկական կինոյում կօգտագործվի արհեստական բանականությունը:

«Շատ բան եմ տեսել ու կխոսեմ անաչառ։ Ֆիլմի պատմությունն այնպիսին է, որ 40 օր անց հերոսը մինչ կվերականգնի իր տեսողությունը, պատերազմը կավարտվի, ու շատ բան կփոխանցվի ֆիլմի միջոցով։ 4 տարբեր հերոսների զուգահեռ պատմություն է․ Մյուրատը, որը հայ է, Իզաբելը, ով ծագումով կանադացի է, հրեա պրոֆեսորը և արհեստական բանականությունը։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Մյուրատը, արհեստական բանականության ոլորտում է աշխատում։ Ծրագիրը, որ հետզհետե զարգանում է, սկսում է ակտիվություն ցուցաբերել պատերազմական գոտում, երբ հասկանում է, որ կարող է վտանգվել իրեն ստեղծողի կյանքը։ Եթե գիտության մեջ հիմնականում ընդունված է արհեստական բանականության 5-րդ, 6-րդ մակարդակները, ապա մեր ֆիլմում ձգտում ենք հասնել ավելիին։ Աշխարհն այս ընթացքում լուռ էր։ Իհարկե, իմ արտասահմանցի ընկերները բոլորը թմբկահարել են թե՛ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի դեպքը, թե՛ պատերազմը, երբ իրենց կառավարությունները դա չեն արել։

Մեր լիտվացի պրոդյուսերը Վիլնյուսում հայերի ցույցի ժամանակ ելույթ է ունեցել՝ դատապարտելով իր երկրի ղեկավարության լռությունը, ու նախագահին կոչ է արել, որ խոսի։ Բայց անհատների ցասումն ու բողոքը քիչ էր։ Այո, աշխարհն այդպիսին է՝ սիրում է ուժեղների կողմը գնալ, և մենք պետք է յուրաքանչյուրս մեր աշխատանքի մեջ անենք առավելագույնը՝ ուժեղանալու համար։ Ես իմ ֆիլմում շատ թեմաների կանդրադառնամ, որոնք կարևոր են ոչ միայն մեզ համար, այլև՝ աշխարհի»,- մանրամասնեց Ջիվան Ավետիսյանը:

Կինոռեժիսորը շեշտեց՝ իրենք ոչ թե կանխատեսում էին պատերազմ, այլ գիտեին, որ այն չի ավարտվել, և հետևողական քայլերով Արցախի մասին ֆիլմեր էին ներկայացնում աշխարհին։

«Ցավում եմ, որ չկարողացանք ինչ-որ ձևով ազդել, որպեսզի պատերազմը չլիներ»,- նկատեց Ջիվան Ավետիսյանը:

Խոսելով ֆիլմի անվան հնարավոր փոփոխության ու այն մասին, թե երբ այն պատրաստ կլինի, կինոռեժիսորը նշեց.

«Մտածում ենք ֆիլմի անվան փոփոխության մասին, բայց, կարծում եմ՝ ճիշտ վերնագիր է, քննարկում ենք, սակայն առաջնային հարց չէ այն փոխելը։ Իսկ այն, թե երբ պատրաստ կլինի ֆիլմը՝ ասեմ, որ դեռ ճանապարհ ունենք անցնելու՝ մինչ պատրաստ լինի ֆիլմը։ Ֆիլմի զարգացման փուլի բյուջեն ամբողջացրել ենք, ունեցել ենք թե՛ ՀՀ ազգային կինոկենտրոնի, թե՛ տարբեր ընկերությունների աջակցությունը: Հիմա անցնում ենք հաջորդ քայլին՝ արտադրության փուլի բյուջեի համալրմանը: Քանի որ ֆիլմը նախատեսված է նկարահանել ոչ միայն հայկական լեռնաշխարհում, այլև արտերկրում, ուստի մտադիր ենք մի մասն ամբողջացնել միջազգային ֆոնդերի, մի մասը՝ քրաուդֆանդինգի միջոցով․ աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ նույնպես կկարողանան ներդրում անել՝ սկսած 1 դոլարից։ Եթե որևէ արտակարգ միջադեպ չլինի, նկարահանումները կսկսենք հաջորդ տարի»։

Դերասաններն էլ, Ջիվան Ավետիսյանի հաղորդմամբ, գրեթե ընտրված են:

«Կան եվրոպացի հայտնի դերասաններ, որոնք պատրաստ են ֆիլմում մաս կազմել։ Հիմա անուններ չենք տալիս, որովհետև թշնամին թիրախավորում է այն անունները, որոնք մենք հրապարակում ենք։ Ինչպես, օրինակ, տարիներ առաջ, «Վերջին բնակիչը» ֆիլմի գլխավոր հերոսուհու նկատմամբ էր ճնշում գործադրել Ադրբեջանը, իհարկե, ոչնչի չէր հասել, բայց երևույթը տհաճ և տգեղ է»,- նշեց նա:

Կինոռեժիսորը հույս հայտնեց, որ հայերը ուժ կհավաքեն, կնայեն ապագային, ու անձնական նպատակներից բացի՝ կունենան նաև Հայրենիքի գալիքի մասին նպատակներ ու կմտածեն դրանք կյանքի կոչելու մասին:

«Ադրբեջանը շատ անմարդկային էր գործում, ես իմ աչքերով եմ տեսել։ Մեր տկարությունը եղավ դրա պատճառներից մեկը։ Սարսափն ավելին էր, քանի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք, և դա կլինի միայն հետևողական աշխատանքի շնորհիվ։ Կգա ժամանակը, և կունենանք փայլուն ռազմարդյունաբերություն, գիտություն, կրթություն։

Ձևի մեջ պետք է դնել բովանդակություն։ Մարդիկ, ովքեր ուզում են, որ հաղթենք, թող միանան մեզ։ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի իմ ուսանողներին միշտ ասում եմ՝ այդ դռնից պետք է մտնեն մի տեսակի մարդիկ, ովքեր ունեն անհավանական մեծ երազանք և պայքարող են, տոկուն են։ Խոսելու ժամանակն անցել է, եկել է քարերը հավաքելու ժամանակը։ Պետք է ամեն մեկս գոնե մեկ աղյուս դնենք։

Գիտե՞ք՝ այս պատերազմի ժամանակ շատ հարազատ մարդկանց եմ կորցրել․ համադասարանցիներ, ընկերներ, Թևանիկի հերոսը՝ Հովհաննես Խոդերյանը, ևս զոհվեց։ Ցավը մեծ է, ու սփոփել հնարավոր չէ, բայց ես գիտեմ, որ կռիվ պետք է տանք, գիշեր-ցերեկ աշխատենք։ Պետք է այնպես անենք, որ ուժեղները մեզ հետ հաշվի նստեն։ Պետք է հստակ երազանք ունենանք, իմանանք՝ ինչ ենք ուզում։ Որպես հայ՝ ես ուզում եմ լինել Արարատի փեշին։ Մենք պետք է ունենանք ազգային գաղափարախոսություն։ Հաջորդ մեր հարցազրույցը պետք է լինի Շուշիում։ Իմ 9-ամյա որդուն՝ Արամին, ես ասում եմ՝ մի քանի տարի անց դու պետք է լինես Շուշիում, ես վստահ եմ։ Շարունակական, հետևողական աշխատանք պետք է տանել, մենք պետք է լցվենք համբերությամբ և մեր ցավը, սուգը պահենք մեր մեջ, չվերածենք գործիքի, մարդկանց կախյալ պահելու միջոցի։

Պետք է ապրել ու հաշվետու լինել մեր տղերքին։ Ես երբեք չէի մտածի, որ Թևանիկը կհեռանա այս աշխարհից՝ հենց հանուն ինձ։ Փաստորեն, տղան արեց։ Եվ ուրեմն՝ վառ պահենք բոլոր զոհվածների հիշատակը, վե՛րջ տանք ստին, կեղծիքին, աթոռակռվին, միջակությանը։ Ապրողներս պետք է հավաքենք մեզ ու ճիշտ ապրենք»,- եզրափակեց Ջիվան Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս