Մեկ հոգու տեղ էր, այդպես վիրակապված, երեխեքը գիրկս մի կերպ դուրս ենք եկել, ու ոչինչ չեմ հասցրել վերցնել. Շուշիի նախկին բնակիչ
Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով իր բնակավայրը ստիպված երկու անչափահաս երեխաների հետ լքել է նաև Անժելա Սահակյանը:
«Շուշիից դուրս ենք եկել սեպտեմբերի 29-ին: Ոչինչ չենք վերցրել մեզ հետ՝ մտածելով, որ մի քանի օրից հետ ենք վերադառնալու, սակայն, ցավոք, այդպես չեղավ: Այնտեղ ապրում էի սկեսուրիս, սկեսրայրիս հետ, ամուսինս մի քանի տարի առաջ է մահացել: Ապրում էինք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դիմաց, ու եկեղեցու ռմբակոծությունից մեր շենքը ևս տուժել է: 3 օր է, ինչ վիրահատվել էի, երբ պատերազմը սկսվեց: Հողաթափերով դուրս եմ եկել տնից, մեքենա կար, ու մեջը մեկ հոգու տեղ էր, այդպես վիրակապված, երեխեքը գիրկս՝ մի կերպ դուրս ենք եկել, ու ոչինչ չեմ հասցրել վերցնել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Անժելան:
Նրա փոխանցմամբ՝ որոշ ժամանակ ապրել է Աշտարակում՝ ծնողների տանը, սակայն քանի որ փոքր բնակարան է եղել ու բազմանդամ, անհնար է եղել այնտեղ մնալը, ստիպված տեղափոխվել է այլ բնակարան:
«Այս պահին վարձով եմ բնակվում, 50.000 դրամ է, սակայն աշխատանք չունեմ ու դժվարությամբ եմ գումար հայթայթում, որ վճարեմ` չհաշված 7 և 5 տարեկան երեխաներիս խնամքը: Աշխատանքի համար գրանցվել եմ Զբաղվածության կենտրոնում, ուզում եմ խանութում աշխատել, և քանի որ նաև վարսահարդար եմ, փորձում եմ տանն աշխատել: Տան վարձն ու մյուս հոգսերը փորձել եմ այս ընթացքում հոգալ կառավարության կողմից հատկացված սոցիալական աջակցության իջոցով»:
Ընտանիքին կարող եք օգնել «Արարատբանկում» Անժելա Սահակյանի անունով գործող հաշվեհամարի միջոցով, որն է՝ 1510051442420100: