Մհեր Գրիգորյանը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ 2021-2027-ի ծրագրի մշակման ընթացքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հեռավար հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին արտակարգ ռեժիմով բյուջետային ծրագրերի գնահատման գործընթացն իրականացնելու և Հայաստանին աջակցելու համար:
Զրույցի ընթացքում փոխվարչապետը, ընդգծելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանի համար, գոհունակությամբ է նշել համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին:
Զրուցակիցները քննարկել են 2021-2027թթ. համար ՀՀ-ԵՄ բազմամյա ծրագրի մշակման ընթացքը՝ երկուստեք ընդգծելով փաստաթղթի կարևորությունը համագործակցության զարգացման համար:
Քննարկվել են նաև 2021թ. Տարեկան գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է համավարակի և պատերազմի արդյունքում հումանիտար ճգնաժամի դիմակայմանը և սոցիալ-տնտեսական վերականգման ուղղված ԵՄ աջակցության կարևորությունը:
Զրուցակիցների կողմից ընդգծվել է տնտեսական ակտիվության վերականգման նպատակով Եվրոպական միության կողմից իրականացվող ֆինանսական գործիքների կիրառման անհրաժաշետությունը Հայաստանում: Անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացմանը: