Բաժիններ՝

Պետությունը կթույլատրի մինչև 2020թ. հոկտեմբերի 20-ը պատվիրված, վճարված թուրքական ապրանքների ներմուծումը

Պետությունը թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ ի շահ հայ տնտեսավարողի՝ թույլատրելով այն ապրանքների մուտքը, որոնց մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև 2020-ի հոկտեմբերի 20-ը, միևնույն ժամանակ ներմուծման արգելքի տակ են հայտնվել մի շարք այլ ապրանքատեսակներ ևս: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Եթե նախկինում մենք արգելել էինք մոտ 2285 ապրանքատեսակի ներմուծում, փոփոխությամբ ներառել ենք ավելի շատ ապրանքատեսակներ: Որոշակի ապրանքատեսակների մասով բացառություն է արվել, քանի որ դրանք հանդիսանում էին միջանկյալ սպառման արտադրանք, որոնք որպես հումք կիրառվում են տեղական արտադրության մեջ: Փորձել ենք այնպես անել, որ մեր տնտեսավարողները չունենան ներմուծմամբ պայմանավորված իրենց վերջնական արտադրանքը թողարկելու հետ կապված խնդիրներ», – ասաց Սիմոնյանը:

Կան այնպիսի ապրանքատեսակներ, որոնց մատակարարումը նախատեսված է եղել հունվարի 1-ից հետո, սակայն բոլոր վճարումները, պայմանագրերը և պատվերները իրականացված են եղել դեռևս 2020 թվականի ընթացքում: Այս հարցում պետությունը զիջումների է գնացել: «Փոփոխությամբ ամրագրվել է, որ այն պատվերները, որոնք իրականացվել են մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը, ներմուծումը կթույլատրվի և ներմուծման ժամկետային սահմանափակում չի դրվել», – ասաց Սիմոնյանը:

Այս որոշումը տարածվել է մինչև հոկտեմբերի 20-ը կնքված մատակարարման պայմանագրերի վրա, քանի որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը 6 ամիս ժամկետով արգելող որոշումն ընդունվել է հոկտեմբերի 20-ին:

Պետությունը նաև ցանկություն ունի նշյալ արգելքի ժամկետը ևս 6 ամիս երկարաձգել: Հարկ է նշել, որ 6 ամիս ժամկետը պահպանվելու է, դրանից հետո նախատեսվում են խստացումներ: Այսինքն, տնտեսավարողները պետք է հաշվի առնեն, որ այն ապրանքները, որոնց ներմուծումն այս պահին թույլատրվում է, գուցե 6 ամիս հետո ընդգրկվեն ներմուծման արգելքի նոր ցանկում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Աննա Գրիգորյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս