«Ալիևը զարմացել է, որ Փաշինյանը հանձնել է այն, ինչ հանձնել է, սա տրագիկոմեդիա է, պատմական դրամա․․․»․ Տարասով

«Ղարաբաղը կարող է լինել ենթամանդատային կառավարման տարածք, պայմանական ասած՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման կոնտեքստում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով վերջին օրերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի շուրջ քննարկումներին:

Նա նշեց, որ անկախ ամեն ինչից՝ Փաշինյանը ստացել էր իշխանությունը, նրա որակմամբ՝ Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի նկատմամբ վերահսկողությամբ, կար ստատուս-քվո, և ինչպե՞ս նա վարվեց դրա հետ:

Տարասովն այն կարծիքին է, որ Փաշինյանը եկավ հեղափոխական կարգախոսներով, և կային անձինք, ովքեր ակնկալում էին, որ նա կփոխի բանակցությունների ոճաբանությունը, հրապարակայնություն կհաղորդի բանակցություններին, կստանձնի նախաձեռնություն, կսկսի անկեղծ խոսել հայերի հետ:

Ըստ նրա՝ հասկանալի էր, որ վաղ թե ուշ այդ տարածքների հետ ինչ-որ բան պետք էր անել:

«Պետք էր բաց խոսել, աշխատել, սակայն դրա փոխարեն՝ նա սկսեց իր նախորդներին մեղադրել, իսկ չէ՞ որ նախորդներն էլ բանակցում էին որոշ տարածքներ կարգավիճակի դիմաց վերադարձնելու շուրջ: Անկեղծ ասած, կային ակնկալիքներ, որ իր հեղափոխանականությամբ նա իրավիճակից առաջ կանցնի, նախաձեռնությունը կվերցնի իր ձեռքը և կառաջարկի նոր մեթոդներ, ավելին՝ գաղտնիությունից կհրաժարվի, բայց նման բան տեղի չունեցավ: Ոչ ոք չի կարողանում պատասխանել հարցին, թե ի՞նչ էր Մնացականյանը 12 ժամ խոսում Մամեդյարովի հետ, ի՞նչ հեքիաթներ էին նրանք միմյանց պատմում, և ո՞վ որևէ բան գիտի այդ մասին:

Ինչո՞ւ եմ խոսում նախաձեռնությունը ձեռքը վերցնելու մասին․ եթե դա տեղի ունենար, և զուգահեռաբար՝ հրապարակայնություն լիներ, Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումն աշխարհում այլ կերպ կընկալվեր: Բայց նա գնաց բացարձակ այլ սցենարով, լիովին անհասկանալի:

Հնարավոր չէ հասկանալ՝ ինչ արեց պատերազմի սկզբում, միջին հատվածում և վերջում: Տպավորություն է ստեղծվում, և կան տվյալներ, որ Ալիևն ու էրդողանը, որոնք բանակցություններ են վարել Պուտինի հետ, անկեղծ են եղել, իսկ Փաշինյանը՝ ոչ, Երևանը բլեֆ է արել, դրանով իսկ հարուցելով Մոսկվայի կասկածները»,- նման համոզմունք հայտնեց Տարասովը:

Մեր դիտարկմանը, թե ո՞ր հարցերում է մասնավորապես դրսևորվել այդ բլեֆը, Տարասովն արձագանքեց՝ ասելով, որ ՀՀ պաշտպանունակության, պայմանավորվածությունների հարցերում:

Ըստ նրա, պատահական չէր, որ Ղարաբաղյան հակամարտության և եռակողմ հայտարարության վերաբերյալ հարցազրույցի ժամանակ Պուտինն ասաց, որ Երևանը չճանաչեց Ղարաբաղի անկախությունը:

Տարասովը հիշեցրեց, որ եղել են փուլեր, երբ Մոսկվան խորհուրդ չէր տալիս Երևանին ճանաչել անկախությունը, քանի որ դա կխզեր բանակցային գործընթացը, Սարգսյանն ասում էր, որ եթե ապրիլյան պատերազմը չդադարեցվեր, ապա նա կճանաչեր Ղարաբաղի անկախությունը:

Ռուս քաղաքագետի տպավորությամբ, երևի թե Փաշինյանին որոշ խոստումներ էին տրվել, և նա առաջնորդվում էր դրանցով, և ամենայն հավանականությամբ՝ խոստացել էին, որ կճանաչեն անկախությունը՝ ի պատասխան Ադրբեջանի հարձակման:

«Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև երբ ապրիլյան պատերազմից հետո նախապատրաստվում էր Վիեննայի հանդիպումը Ջոն Քերիի կողմից, ամերիկյան կողմը հրավիրեց ադրբեջանական կողմին, որը չէր ցանկանում գալ, իսկ Քերին հայտարարեց, որ կճանաչեն անկախությունը, և Ադրբեջանը վազելով եկավ, իհարկե, չստորագրեց, բայց ամեն դեպքում բանակցությունները վերսկսվեցին:

Տպավորություն է ստեղծվում, որ պատերազմի ընթացքում ինչ-որ արտաքին խաղացող Փաշինյանին ինչ-որ բան է խոստացել, և դրա ազդեցությամբ նա որոշումներ էր չեղարկում, նա ինչ-որ գաղտնի զենքի հույս ուներ: Սա չաշխատեց, Արևմուտքը չաշխատեց, և վերջնարդյունքում նա հայտնվեց այն իրավիճակում, որում հայտնվեց, և շատ են հարցերը։ Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրաժարվեց Պուտինի պրոյեկտից, երբ Ալիևը համաձայնում էր միայն 5 շրջանի հանձնման, և Շուշին մնում էր ԼՂ վերահսկողության ներքո․․․

Ալիևը զարմացել է, որ Փաշինյանը հանձնել է այն, ինչ հանձնել է, սա տրագիկոմեդիա է, պատմական դրամա, որը ամբողջությամբ հատուկ քննելու կարիք կա՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ:

Այստեղ չափազանց շատ ընդհատակյա հոսանքներ են եղել, որոնց մասին կարելի է միայն գուշակություններ անել»,- ասաց Տարասովը:

Նրա որակմամբ՝ ՀՀ իշխանությունները ռազմական լուրջ սխալներ են թույլ տվել, ներքաղաքական պայքարը սրվում է, այն ժառանգությունը, որը ստացել էր՝ կորցրեց դիվանագիտական լրջագույն ձախողումների հետևանքով, չկարողացավ կանգնեցնել ուժային սցենարը:

Տարասովի կարծիքով, ռազմավարական սխալ էր նաև ասել, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել առանց Ռուսաստանի աջակցության, նա ցանկանում էր ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, իսկ այստեղ պատերազմը սկսվեց Թուրքիայի աջակցությամբ՝ առանց ՌԴ մասնակցության, և ՌԴ-ն կարողացավ պահպանել չեզոքություն, ապա բանակցել եռակողմ հայտարարություն ու տեղակայել խաղաղապահներ գոտում:

Ռուս քաղաքական վերլուծաբանն ասաց, որ ներկայումս օդից կախված է մնում խաղաղապահների՝ Ղարաբաղում գտնվելու մանդատի հարցը:

Նրա խոսքով, ըստ էության, Ալիևը համաձայնել է, որպեսզի խաղաղապահները լինեն այն հայկական բնակչության անվտանգության երաշխավորը, որը մնացել է Ղարաբաղում:

Տարասովի որակմամբ՝ սա առանձնահատուկ իրավիճակ է: «ԵԱՀԿ ՄԽ-ն նոր օրակարգ պետք է ձևավորի, քանի որ հինը տապալվել է, պետք է լուծվի կարգավիճակի հարցը, ինչպես նաև՝ խաղաղապահների կարգավիճակի, բայց կարծես ԵԱՀԿ ՄԽ-ն պահպանվում է Ադրբեջանի նկատմամբ ճնշումների համար:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, որն ամենաբարդ հարցն է, ապա Ղարաբաղը կարող է լինել ենթամանդատային կառավարման տարածք, պայմանական ասած, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման կոնտեքստում, որի դեպքում կընդունի Ադրբեջանը այդ կարգավիճակը: Իսկ նման կարգավիճակի հարցով թուղթ կարող է ստորագրվել նույնիսկ մինչև 100 տարի»,- ասաց Տարասովը:

Նա նշեց, որ Ռուսաստանում հետևում են այն ներքաղաքական զարգացումներին, որոնք ծավալվում են Երևանում, և չեն բացառում որևէ զարգացում:

Ռուս քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանում կարող են նաև արևմտամետ ուժեր լինել իշխանության ղեկին նաև ապագայում, դա ըստ էության ՌԴ-ին չի անհանգստացնում, քանի որ ՌԴ-ն իր խաղն է տանում՝ ստեղծում է կապեր Ստեփանակերտի հետ, Ստեփանակերտը սկսում է շփվել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ որոշ հարցերի շուրջ։ Այսինքն՝ ուշագրավ զարգացումներ են ձևավորվում՝ նաև առանց Երևանի մասնակցության:

«Արևմուտքը թող դառնության գավաթը խմի մինչև վերջ»,- նման ուշագրավ մտքով իր խոսքն ավարտեց Ստանիսլավ Տարասովը:

Տեսանյութեր

Լրահոս