Բաժիններ՝

Իսրայելում սահմանափակումները կմեղմացվեն COVID-19-ի դեմ պատվաստվողների համար

Իսրայելում փետրվարի 21-ից կսկսեն աշխատել առեւտրի կենտրոնները, հյուրանոցները, մարզասրահները, խանութներն ու մշակութային հարթակները, հիմնականում նրանց համար, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post հրատարակությունը՝ վկայակոչելով կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգման մարմինը:

Պլանի համաձայն, հյուրանոցները, մարզասրահները, մշակութային հարթակները եւ լողավազանները բաց կլինեն «կանաչ անձնագրերով» մարդկանց համար, որոնք կարելի է ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց կամ ապաքինվելուց հետո: 16-ից ցածր տարիքի երեխաների մոտ, որոնք չեն կարող պատվաստում ստանալ, կստուգեն COVID-19-ի թեստի արդյունքները:

Բացի այդ, հինգերորդից մինչեւ վեցերորդ եւ 11-րդից մինչեւ 12-րդ դասարանների դպրոցականներն այն քաղաքներում, որտեղ համաճարակաբանական իրադրությունն օրհասական չէ, կվերադառնան դպրոց: Միեւնույն ժամանակ առեւտրի կենտրոններում, խանութներում, գրադարաններում, թանգարաններում եւ բաց շուկաներում «կանաչ անձնագրերը» պարտադիր չեն լինի: Այնտեղ բավարար կլինի սահմանափակող միջոցների, ներառյալ սոցիալական հեռավորության պահպանումը:

The Jerusalem Post-ի տվյալներով՝ Իսրայելում փետրվարի 15-ի դրությամբ պատվաստանյութի երկու չափաբաժնից գոնե մեկն արդեն ստացել է գրեթե չորս միլիոն, երկու չափաբաժինը՝ 2,5 միլիոն մարդ: Ընդամենն Իսրայելում ապրում է 9 միլիոնից փոքր-ինչ պակաս մարդ: Համավարակի սկզբից ի վեր Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 727 հազար մարդ, 5,4 հազարից ավելին մահացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս