ԱՀԿ-ի ներկայացուցիչները կորոնավիրուսի 13 հիմնամանէ են հաշվել Չինաստանում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջազգային փորձագիտական խմբի ղեկավար, կենդանաախտային վարակների եւ պարենային անվտանգության մասնագետ Փիթեր բեն Էմբարեքը պատմել է 2019 թվականի դեկտեմբերին Ուհանում կորոնավիրուսի կապակցությամբ ստեղծված իրադրության շուրջ նոր եզրակացությունների մասին։
Նրա խոսքով՝ Չինաստանը ԱՀԿ-ի փորձագետներին տրամադրել է վարակման միայն 174 դեպքի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցվել են այդ ժամանակաշրջանում: Սակայն, նշել է Էմբարեքը, հիվանդացածների իրական թիվն անհամեմատ ավելի բարձր է, քանի որ օգնության են դիմել միայն ծանր հիվանդները: Ընդ որում՝ այսօրվա տվյալների համաձայն, այդպիսի հիվանդները կազմում են դեպքերի 15 տոկոսը, իսկ ամենից հաճախ COVID-19-ն ընթանում է թեթեւ ձեւով: «Հիմք կա ենթադրելու, որ 2019 թվականի դեկտեմբերին Ուհան քաղաքում, որտեղ տեղի է ունեցել կորոնավիրուսային վարակի առաջին բռնկումը, առնվազն հազար մարդ է վարակվել COVID-19-ի 13 տարբեր հիմնամանէներով»,-հայտարարել է Էմբարեքը CNN-ին տված հարցանզրույցում:
Նա նշել է, որ վիրուսի առանձին տեսակներ սկսել են տարածվել տեղի շուկաներից, բայց մյուս մասը դրանց հետ առնչություն չի ունեցել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության՝ Չինաստանի Ուհան քաղաք այցելած փորձագետները քիչ հավանական են համարում SARS-CoV-2 կորոնավիրուսի լաբորատոր ծագումը, դրա հետ մեկտեղ բիոահաբեկչության վարկածը չի դիտարկվում: Նրանք նաեւ զննել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը, այդ թվում՝ առավելագույնս մեկուսացված BSL-4 լաբորատորիան, որի հետ կապված են եղել իբր վիրուսի «արտահոսի» կամ պաթոգենի հնարավոր արհեստական ծագման մասին լուրերը, հիվանդանոցը, «Խուանան» ծովամթերքների շուկան:
Անցյալ շաբաթ փորձագետներն ամփոփել են աշխատանքի արդյունքները, հայտարարելով, որ, հավանաբար, մարդու մոտ վիրուսը հայտնվել է միջանկյալ տարածողից: ԱՀԿ-ի հանձնաժողովը պլանավորում է շարունակել COVID-19-ի հարուցիչի առաջացման շուրջ հետաքննությունը՝ կենտրոնանալով դրա կենդանաախտական ծագման վարկածի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: