Ռուսական թատրոնում կներկայացվի ֆրանսահայ Րաֆֆի Շարթի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը
Հանրահայտ ֆրանսահայ դրամատուրգ Րաֆֆի Շարթի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը բեմ կբարձրանա Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Բեմադրության առաջնախաղերը տեղի կունենան փետրվարի 17 և 18-ին:
Այս ստեղծագործությունը ընտանեկան ֆանտաստիկ կատակերգություն է․ նախատեսված է 16+ լսարանի համար։ Ներկայացումը պատմում է մի սովորական զույգի մասին, որի ընտանեկան տարաձայնությունների լուծմանն ուղղված բոլոր փորձերը հանգեցնում են զվարճալի իրավիճակների: Վառ կերպարներ ու անհավանական իրադարձություններ, որ գրեթե ամեն օր տեղի են ունենում եթե ոչ ձեզ, ապա ձեր հարևաններից որևէ մեկի հետ, պարզապես այդ մասին բոլորը գերադասում են լռել:
Ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է: Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Լիա Զախարյանը, Լևոն Հարությունյանը, Անի Պետրոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սաթենիկ Հազարյանը և Արա Սարգսյանը:
Րաֆֆի Շարթը ֆրանսիական և միջազգային փառատոնների մրցանակակիր է, ֆրանսահայ հայտնի ռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։ Նա այսօր ստեղծագործող ֆրանսիացի ամենաշատ ցուցադրվող հեղինակն է աշխարհում։ Ծնվելով նկարիչների (հայրը՝ հանրահայտ նկարիչ Սերժ Շարթն է) և երաժիշտների (պապը՝ հանրահայտ ֆրանսահայ երգահան Ժորժ Կառվարենցն է, տատն աշխարահռչակ շանսոնյե Շառ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրյանը, մայրը՝ օպերային երգչուհի Մարի Կառվարենցն է) ընտանիքում՝ Շարթի ուղին կանխորոշված էր․ արդեն 18 տարեկանում նա նկարահանում է իր առաջին «Ամառային արև» ֆիլմը, որը հետագայում գնում է 20th Century Fox հանրահայտ կինոստուդիան և ցուցադրում Ամերիկայում և Անգլիայում։
Ավելի քան 10-ամյա փորձը գովազդային ոլորտում այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Kenzo, Peugeot, Lipton, Lotus, Ducros, Essilor և Rowenta, թույլ տվեցին նրան հետագայում ստեղծել ժամանակակից պիեսների և ֆիլմերի մի ամբողջ հավաքածո, որոնք դարձան հովանավորների բրենդի և ապրանքի տեղադրման ամենաարդյունավետ օրինակներից ամբողջ աշխարհում։ Շարթը բազմաթիվ հաջողված պիեսների հեղինակ և համահեղինակ է, որոնք զարմացնում են իրենց աշխարհագրական տարածվածությամբ։ Շարթի՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացումը ցուցադրվել է 62 երկրում և գրավել ավելի քան 10 մլն հանդիսատեսի սրտեր։ Հաջողված պիեսի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Warner Bros. France-ը։ Շարթը «Մոռացության երեխաները» վեպով անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նրա թատերական ներկայացումներն այժմ ցուցադրվում են աշխարհի տարբեր անկյուններում՝ տարիների ընթացքում պահպանելով արդիականությունը: