
Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա. պաշտպանը բողոք է ներկայացրել

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Բաղդասարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն, հիմքեր չկան։
Պաշտպանը նախ բողոք է ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով նախաքննական մարմնի որոշումը և՛ նպատակի, և՛ անհրաժեշտության, և՛ հիմքերի առումով, սակայն դատախազություն ներկայացված բողոքը մերժվել է, ինչից հետո բողոք է ներկայացրել դատարան։
Պաշտպանը գտնում է, որ եթե օրենսդրությունը թույլ է տալիս անձի նկատմամբ խափանման միջոց չկիրառել, ապա այն չպետք է կիրառվի, իսկ Բաղդասարյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։
Բողոքի քննությունը նշանակվել է այսօր՝ ժամը 17։00-ին։