Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին պարտադրաբար զինաթափել են. Փորձագետն ահազանգում է․ «Փաստինֆո»

Ադրբեջանը կրկին գրոհելու է, որովհետև ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս՝ կանգնեցնելու ՀՀ-ի ոչնչացման և Հայաստանի տարածքների հայաթափման գործընթացը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունների կողմից այժմ իրականացվում է ոչ թե խաղաղասիրության, այլ ազգադավ ընկալումների քարոզ։ Ադրբեջանի հայատյաց քարոզչությունը միշտ ակնհայտ է եղել, և ամեն ինչ արվել է՝ հասարակությանն այդ դրսևորումներից զերծ պահելու համար․ «Իշխանությունները ոչ միայն չեն փորձում պաշտպանել ՀՀ քաղաքացուն, այլև օրենսդրորեն պարտադրում են չլուսաբանել նման հայատյաց երևույթները։ Երևանում կամ Գյումրիում ապրող ՀՀ «հպարտ» քաղաքացին տեղյակ չէ՝ թուրքը Սյունիքում ինչ է անում։ Եթե Արման Թաթոյանը չլինի, մենք դա էլ չենք իմանա։ Այսինքն` ամբողջ պաշտոնական Երևանը լռում է այս ամենի մասին, և մենք տեղեկանում ենք հասարակական կազմակերպություններից կամ Սյունիքում ապրող ծանոթ-բարեկամներից»,-նշեց Արմինե Ադիբեկյանը։

Սյունիքի բնակիչներն այսօր վտանգված են և փորձագետի խոսքով իրավիճակը շատ ավելի վատ է լինելու, քանի որ ադրբեջանցիները տեսնում են՝ հայկական բնակավայրերը, հայերն անպաշտպան են․ «Իմ տեղեկություններով՝ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում բնակիչներին պարտադրաբար զինաթափել են, ստիպել հանձնել զենք-զինամթերքը։ Այսինքն՝ այս մարդկանց ոչ միայն պետությունը չի պաշտպանում, այլև զրկում է ինքնապաշտպանության հնարավորությունից։ Եթե մենք խոսում ենք համերաշխության ներքո համատեղ կյանքի մասին, ապա կարող եմ ասել՝ դա ինչպես է լինելու․ մեր տարածաշրջանում համերաշխությունը կստեղծվի այն ժամանակ, երբ ադրբեջանցիները և թուրքերը կոչնչացնեն վերջին հային»,-ասաց փորձագետը։

Մինչդեռ Սյունիքի մեր հայրենակիցները լուրջ վտանգի ներքո են ապրում, ՀՀ իշխանություններն անգործության են մատնված։ Միտումնավոր է դա, թե ոչ, փորձագետը վստահ չէ, սակայն համոզված է, որ այս վարչակազմում աշխատանքի են ընդունվել մարդիկ, որոնք անգամ պատկերացում չունեն, թե ինչում է կայանում իրենց գործառույթը։ Ավելին՝ բացարձակապես ոչ մի տեղեկություն չունեն անվտանգությունից։

Հարցին՝ հնարավո՞ ր է արդյոք դիվանագիտական ճանապարհով գործողություններ իրականացնել, Արմինե Ադիբեկյանը նկատեց՝ լավագույն դիվանագետն արտաքին աշխարհին հասանելի է դարձնում երկրի իշխանությունների և առաջին դեմքի դիրքորոշումը․

«Արտաքին գործերի նախարարը կախված է առաջին դեմքի կարծիքից և տարվող քաղաքականությունից։ Ով էլ ուզում է գա, նա անելու է այն, ինչ բխում է Նիկոլ Փաշինյանի հիվանդ երևակայությունից։ Եթե հրաշք տեղի ունենա և Նիկոլ Փաշինյանը գոյություն չունենա մեր իրականության մեջ, գա ինչ-որ մեկն ու հրավիրի աշխարհի լավագույն դիվանագետին, ապա ոչինչ անել հնարավոր չի լինելու։ Ով էլ լինի, նա ընդամենը կարողանալու է ինչ-որ կերպ կանգնեցնել ագրեսիան, որ մետր առ մետր չառաջանան ու չզավթեն և կարողանա պարտադրել Ադրբեջանին՝ պահպանել միջազգային կոնվենցիաները և պարտավորվածությունները, բայց Ադրբեջանին հետ մղել այն դիրքերից, որում եղել են մինչև սեպտեմբերի 27-ը, դա անհնարին է»,-նշեց Արմինե Ադիբեկյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս