Ընտրությունների Նիկոլ Փաշինյանը կգնա էն դեպքում, եթե համոզված լինի, որ ինքը վերարտադրվում է. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման»  վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր այցելել է Ազատության հրապարակ՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր:

Ավելի վաղ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր. «Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն»:

Քաղաքացիներից մեկը, որն իր տեղեկացմամբ՝ եկել էր Ֆրանսիայից՝ մասնակցելու համաժողովրդական ընդվզման շարժմանը, մի քանի հարցադրումներ ուղղեց Վազգեն Մանուկյանին.

«Այս քաոսը, որ ապրում ենք այսօր, տվել ենք 5000-6000 զոհ, սերունդ ենք կորցրել և հող ենք ծախել. արդյո՞ք մենք արժանի ենք իշխանություն ունենալու այս պայմաններում, երբ ժողովրդի 80 տոկոսը չի մասնակցում՝ հակառակ այս բոլոր թշվառ պայմաններին, երկրորդը՝ մենք արժանի՞ ենք ազատ, անկախ հայրենիք վայելելուն»

Ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Երկու հարցի պատասխանը՝ այո: Մենք արժանի ենք իշխանություն ունենալու, բայց իշխանությունը արժանի չէ այսպիսի ժողովուրդ ունենալու: Մենք արժանի ենք լինել անկախ և ազատ: Այն, որ մարդկանց մի զգալի մասը չի գալիս. բայց ինչո՞ւ պիտի մարդկանց մի զգալի մասը գա: Նայեք՝ Ղարաբաղյան շարժումը 88 թվին՝ մենք ասում էինք՝ համաժողովրդական շարժում, Ձեր կարծիքով՝ ո՞ր մասն էր գալիս հրապարակ. հրապարակ գալիս էր 30-40 50 հազար մարդ, ավել մարդ չէր գալիս: Եթե ժողովրդից  հարցում անեինք, կարող է մեծ մասն անտարբեր լիներ ղարաբաղյան շարժմանը:

Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվականին հեղափոխության նման ինչ-որ մի բան էր անում, ինչքա՞ն ժողովուրդ էր գալիս, մի քանի տասնյակ հազար: Եղավ ընտրություն, էյֆորիայի պայմաններում քանի՞ հոգի քվեարկեցին իր համար, ընտրողների ամբողջ թվի 35 տոկոսը, ըստ որում, շատերը քվեարկում էին, որովհետև հասարակական կարծիք էր ստեղծված՝ եթե Նիկոլին դեմ ես, ուրեմն ազգի թշնամի ես:

Այսինքն՝ երբեք չի լինում ամբողջ ժողովուրդը.  ժողովուրդը միլիոնով տանը կարող է նստած լինի, բայց համաձայն լինի այն մարդկանց հետ, որոնք մղում են պայքարի: Այժմ նորից նույն վիճակն է»:

Քաղաքացին հակադարձեց. «Այո, բայց նախորդ շարժումների ընթացքում մենք այսքան զոհ չենք տվել. սերունդ ենք կորցրել: Ես հույսս չեմ կտրել, Ֆրանսիայից եկել եմ այստեղ, որ մասնակցեմ»:

Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Ժողովրդից մի՛ հիասթափվեք.  մեր ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է, և ընդհանրապես ժողովուրդներն իրար բավականին նման են, տարբերությունները մի քիչ տոկոսների մեջ են:

Ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է,  ընկճված է հիմա, ինքն էլ հասկանում է, որ սա ապագա չունի, բայց մյուս կողմից էլ՝ ինքը տեսնում է՝ տասնյակ-հազարավոր մարդիկ կան, որ պայքարում են իր ապագայի համար, ինքը մտածում է, որ ինքը չգա էլ, կգնա՝ մանավանդ մեր ժամանակներում, երբ դու տանը նստած՝ համարյա մասնակից ես»:

Լրագրողի հարցին, թե եթե ՀՀ իշխանությունն այնուամենայնիվ գնա արտահերթ ընտրության ճանապարհով, Դուք մասնակցելո՞ւ եք, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն պատասխանեց. «Բացառվում է»:

Թե ինչու, մեկնաբանեց. «Առաջինը՝ այս իշխանությունը, ես համարում եմ՝ լեգիտիմ չէ, իրավունք չունի ընտրություններ անցկացնելու, ինքը կորցրել է այդ իրավունքը ընտրությունններ անցկացնելու, երկրորդը՝ տեսնելով՝ ինչ է կատարվում Հայաստանում, ես հարյուր տոկոս համոզված եմ, որ ընտրությունները կեղծվելու են մինչև վերջ:  Ընտրությունների Նիկոլ Փաշինյանը կգնա էն դեպքում, եթե համոզված լինի, որ ինքը վերարտադրվում է»:

Տեսանյութեր

Լրահոս