«Չէ, ընտրություն պետք չէ, Փաշինյանը կտուժի»․ «Ինքը պետք չէ հայ ազգին». հարցում Աջափնյակ համայնքում

Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցն առաջինը շրջանառության մեջ դրեց Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր ուժերը նրա հրաժարականի պահանջը դրեցին։ Նախ հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի արտահերթ ընտրությունների միջոցով, որոշ ժամանակ անց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, թե՝ նման պահանջ չկա ժողովրդի կողմից: Ուստի 168.am-ը որոշեց շրջել Երևանի փողոցներում ու հենց ժողովրդից լսել՝ կա՞ նման պահանջ, թե՞ ոչ: Այս անգամ քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի հերթն էր: Մենք քաղաքացիներին ընդամենը երեք հարց էինք ուղղել՝ պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում կառավարության աշխատանքը, արդյոք պե՞տք է իշխանափոխություն։

Ի՞նչ ակնկալիքներ ունեիք գործող իշխանություններից, արդարացվե՞լ են ձեր սպասումները։

«Սրանցից սպասելիքներ չկան ու չի էլ լինելու, մինչև չփոխվեն»,- ասաց տարեց մի տղամարդ։

Հարցվածներից էլ միջին տարիքի մի կին պատասխանեց, որ նոր իշխանությունների օրոք միակ փոփոխությունը բանակում սննդի որակի բարձրացումն էր, ուրիշ ոչ մի բան․

«Միայն սկզբնական շրջանում բանակի հարցով ուրախ էինք, որ սնունդով ապահովել է Նիկոլ Փաշինյանը, դրանից հետո էլ ապահովեց՝ պատերազմը կանգնեցրեց, իսկ ընդհանուր առմամբ՝ չարչարվես, որ ապրես, ուրիշ ոչ մի բան, ոչ մի փոփոխություն։

«Սպասումները արդարացված չեն, աշխատանքը բավարար եմ գնահատում, որովհետև չեմ տեսնում այլընտրանք»,- պատասխանեց մեկ ուրիշը։

Տարեց մի կին էլ պատասխանեց․

«Ուժս, լավ բան կա՞, ի՞նչ կա, ոչ մի բան։ Կռիվն այնտեղից, այն գյոզալ երեխեքն այնտեղ, ուտելիքի թանկացումն ահավոր, անընդհատ թռիչքի մեջ ես, հա ասում են՝ հես ա կկռվենք, հա ասում են՝ կռիվ է սկսում, հա ասում են՝ Հայաստանը մերն է, մեր պապերը մեծացել են Սևանի ափին, ի՞նչն է լավ»։

Անցորդներից մեկը կրկին շատ վատ գնահատեց ներկայիս իշխանությունների աշխատանքը․

«Իրենք չեն աշխատում, սաղ հողերը ծախեցին, երեխեքին տարան կոտորեցին, ո՞նց կարող ես դրանց լավ համարել․․․»։

Երիտասարդ մի կին էլ իշխանությունների աշխատանքը գնահատեց հրաշալի․

«Կա կորոնավիրուս, կա պատերազմ, խնդիրներ կան, կա դժվար աշխարհագրական դրություն մեր երկրի, այդ պարագայում արդարացված է ինձ համար։ Կան խնդիրներ, կան լիքը սխալներ, բայց ինձ համար արդարացված է»։

Հայաստանում պե՞տք է իշխանափոխություն

«Ինչքան շուտ լիներ, այնքան ավելի լավ։ Վազգեն Մանուկյանը, մյուս քաղաքագետները ինչքան զգուշորեն, նրբորեն են մոտենում՝ միայն սահմանադրությամբ, հանկարծ մազին չկպնեն․․․»։

Նախորդ հարցին՝ ներկա իշխանություններից դժգոհ եմ պատասխանած տարեց տղամարդն այս հարցին էլ պատասխանեց․

«Վայ չէ, իշխանափոխություն պետք չէ, ես Փաշինյանի կողմն եմ»։

«Ով էլ լինի՝ մենք էս ենք, կարծում եմ՝ ոչ, իշխանափոխություն պետք չէ, սա մնա»,- պատասխանեց մեկ ուրիշը։

Տարեց մի կին էլ պատասխանեց, որ համակարգի փոփոխություն է պետք, ոչ թե իշխանափոխություն․

«Իշխանափոխություն եղավ, մարդկանց փոփոխվելով՝ ոչինչ չի փոխվի, համակարգը պետք է փոխվի»։

Անցորդներից մեկ ուրիշն էլ պատասխանեց, որ դեռ 2-3 ամիս առաջ պետք է իշխանափոխություն լիներ․

«Ինքը պետք չէ հայ ազգին, ինքը հայ ազգի համար մնում է, որ սաղ ծախի»։

Ներկայիս իշխանությունների աշխատանքը հրաշալի գնահատած քաղաքացին դեմ է իշխանափոխությանը․

«Մեզ պետք է կայունություն այս պահին։ Մենք երեխեք ունենք, մենք գերիներ ունենք, ի՞նչ իշխանափոխություն։ Իշխանափոխություն անենք, նշանակում է՝ թուրքին ասենք՝ համեցեք։ Ով ուզում է լիներ՝ ես իշխանափոխություն չէի ուզենա այս պահին, որովհետև մեզ կայունություն է անհրաժեշտ»։

«Իշխանափոխություն պետք է, անպայման։ Ինքն արդեն սպառվել է, ընդհանրապես գոյություն չունի՝ որպես ղեկավար։ Մեր Հայաստանը, մեր հայրենիքը վտանգի տակ է, ես միայն դա գիտեմ»,- պատասխանեց հարցվածներից մեկ ուրիշը։

Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ւմ կընտրեիք

«Անպայման Վազգեն Մանուկյանին, Հայաստանի զարգացման մասին է խոսքը, ոչ թե Վազգեն Մանուկյանի»,- պատասխանեց հարցված քաղաքացիներից մեկը։

Իշխանափոխություն չցանկացող և իրեն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների շարքին դասող մեր այս հայրենակիցն էլ ասաց․

«Չէ, ընտրություն պետք չէ, Փաշինյանը կտուժի»։

«Փաշինյանին, թող նորից ինքը կանգնի, որովհետև ոչ մի փոփոխություն չի լինելու, ով էլ լինի՝ մենք այս ենք, գահի կռիվ է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկ ուրիշը։

«Սրան, սրան, Փաշինյանին»,- պատասխանեց տարեց մի մարդ։

«Վազգեն Մանուկյանին, շատ հիացմունքով լսել եմ իրեն։ Ինքը հավատարիմ ու լավ աշխատող է եղել, վատ չէր լինի»,- պատասխանեց հարցված քաղաքացիներից մեկ ուրիշը։

Կայունության կողմնակից մեր հայրենակիցն էլ պատասխանեց․

««Իմ քայլին» կընտրեմ այս պահին, քանի որ կայունություն եմ ուզում, այնպես չէ, որ ես չեմ հասկանում, որ կան խնդիրներ ու սխալներ, բայց կայունության համար, իհարկե, «Իմ քայլ»-ին կընտրեմ»։

«Ես իրեն չեմ ընտրել, ով ուզում է՝ լինի, բացի ինքը, սաղին կընտրեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս