Քաղաքապետարանն ու ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցների ֆինանսավորումը 10-15%-ով կրճատելու լուրերի մասին
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը գրավոր ծանուցում է ուղարկել դպրոցներին՝ ֆինանսավորումը 10-15% կրճատելու մասին՝ հիմնավորելով, թե բյուջեում փող չկա: Այս որոշման արդյունքում դպրոցները լրջագույն խնդիրների առաջ են կանգնելու՝ ընդհուպ տարեվերջին ուսուցիչներին աշխատավարձ վճարել չկարողանալով:
Խնդրի հետ կապված՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը հանրակրթական դպրոցների ֆինանսավորումն իրականացնում է՝ որպես պատվիրակված լիազորություն, այսինքն՝ կառավարությունը պետբյուջեից սուբվենցիոն միջոցներ է հատկացնում համայնքին՝ հանրակրթական դպրոցների ֆինանսավորման համար:
Կառավարությունից էլ հորդորեցին զանգահարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, քանի որ նրանք են ոլորտը համակարգում:
ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից էլ հայտնեցին, որ բոլոր պետական հանրակրթական հաստատությունները ֆինանսավորվել են բյուջեի կիրարկումն ապահովող` ՀՀ կառավարության դեկտեմբերի 30-ի 2215-Ն որոշմամբ հաստատված չափաքանակով։ Ֆինանսավորումն իրականացվել է նշված ամբողջ ծավալով։ Նախարարությունն արդեն ստորագրել է իր ենթակայության հաստատությունների հետ պայմանագրերն ու նախահաշիվները։ Նախարարությունում նման հարց չի քննարկվում։