Բալկանյան երկրների Մ20 առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու մեդալ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 200 մարզիկ՝ 16 երկրից:
Հայաստանը ներկայացրել են Գոռ Բեգլարյանը և Նարեկ Սրապոնյանը, ովքեր դարձել են մեդալակիրներ: Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 11 մարզիկների պայքարում գրանցել է լավագույն արդյունքը՝ 7.29մ և նվաճել ոսկե մեդալ: Հեռացատկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Խորվաթիայի ներկայացուցիչ Ռոկո Ֆարկաշը՝ 7.11մ, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խորվաթիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լուկաշ Կիկը, որը գրանցել է 7.09մ արդյունք: Եռացատկորդ Նարեկ Սրապոնյանը 9 մարզիկների պայքարում դարձել է արծաթե մեդալակիր՝ գրանցելով 15.26մ արդյունք: Եռացատկի մրցման չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեքսանդր Այկոն (15.43մ), իսկ երրորդ մրցանակակիրը բուլղարացի Դիմիտար Տաշևն է (15.20մ): Հավելենք, որ նվաճած 2 մեդալով՝ Հայաստանը Բալկանյան երկրների առաջնության տղամարդկանց թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ ընդհանուր թիմային հաշվարկում՝ 7-րդ: