17-ամյա տղայի ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն էլ՝ ողնաշարին. Նրան շտապ վիրահատելու համար գումար է անհրաժեշտ
17-ամյա Արտակ Հարությունյանը առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն էլ՝ ողնաշարին է և շտապ վիրահատություն է անհրաժեշտ, որի համար անհրաժեշտ գումար այս պահին ընտանիքը չունի:
Մայրը՝ Լիլիթ Հարությունյանը, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միայնակ է մեծացնում որդուն, իսկ անհրաժեշտ գումարը չի կարողանում հայթայթել:
«Ամուսինս մահացավ, երբ որդիս՝ Արտակը, 3 ամսական էր: Երեխաս շատ առողջ է եղել, անգամ գրիպով չի հիվանդացել, բայց շատ պատահական իր մոտ ցավեր սկսվեցին, ասաց, որ ցավում է երիկամի շրջանում: Տարա պոլիկլինիկա, սոնոգրաֆիա արեցին, բժիշկն ասաց՝ կամ երրորդ երիկամ եմ կասկածում, կամ՝ ուռուցք: Հետո ԿՏ արեցինք, պարզվեց, որ գրեթե 7սմ-անոց ուռուցք է հետորովայնամզային տարածությունում, որը երիկամը տեղաշարժել է, սեղմել է վերև: Բիոպսիա արեցին, պատասխանը եկավ, որ բարորակ է: Շտապ վիրահատեցին «Արաբկիր» բժշկական կենտրոնում, քանի որ երիկամն էր արդեն վնասվում: Դրանից հետո ուղեգրեցին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ հետագա հսկողության համար: Հետո մեջքի ուժեղ ցավեր ունեցավ, ոտքը չէր զգում: Կրկին տարա ուռուցքաբանի մոտ, ուղարկեցին ՄՌՏ-ի, պարզվեց՝ ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն էլ՝ ողնաշարին:
Ասացին՝ պետք է վիրահատվի, քանի որ ուռուցքը մեծանում է, կպնում ողնուղեղին և տանում է պարալիզացման: Շատ հիվանդանոցների բժիշկների հետ քննարկեցի, ասացին, որ պետք է վիրահատվի: Խորհուրդ տվեցին տեղափոխել արտերկիր, որի համար մոտ 10.000 դոլար է անհրաժեշտ: Պետք է շտապ վիրահատվի, քանի որ ոտքը բարակել է՝ համարյա 5 սմ: Անհրաժեշտ է մոտ 10.000 դոլար»:
Նա հայտնեց, որ վարձով են ապրում՝ վճարելով 80.000 դրամ, սակայն չեն կարողացել վճարել 5 ամսվա գումարը:
«Տանտերը շատ լավ մարդ է, փաստացի գրանցվեցինք, ու մեկ ամիս է, որ ստացել ենք 24․500 դրամ նպաստ և հաշմանդամության թոշակ՝ 26․500 դրամ: Ես աշխատում էի հյուրանոցում՝ որպես մատուցող, բայց տղաս մենակ չի կարողանում մնալ, խնամք է պետք»:
Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Լիլիթ Հարությունյանի հեռախոսահամարին՝ +374 77 28 07 89, և հաշվեհամարին դրամական փոխանցում անել: Հաշվեհամարները՝ ստորև.
«Արդշինբանկ» USD 2479600096590000
EUR 2479600096590010
RUR 2479600096590020
AMD 2470056808377610
Ստացող՝ Լիլիթ Հարությունյան