Գնդակը ՀՔԾ-ի դաշտում է, սակայն դատախազությունից կա կոնկրետ հանձնարարություն. դատարանը լսեց փաստաբանների բողոքը
Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո՝ 2020թ. դեկտեմբերի 22-ին, ավելի քան 100 փաստաբան պետական դավաճանության մասին (ՔՕ 299-րդ հոդված) հաղորդում էին ներկայացրել դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ դատախազությունը նման դեպքերում պարտավոր է կա՛մ քրեական գործ հարուցել, կա՛մ մերժել քրեական գործի հարուցումը, կա՛մ այն ուղարկել ըստ քննչական ենթակայություն: Փաստաբանների ներկայացրած հաղորդման դեպքում դատախազությունն այլ գործելաոճ էր դրսևորել, այն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ պետական դավաճանության մասին հաղորդումը կցել էր Մովսես Հակոբյանի հարցազրույցի կապակցությամբ հարուցված պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով հարուցված քրեական գործին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, սկսվեց փաստաբանների՝ դատախազության ու ՀՔԾ-ի որոշումների դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Դատարանը, չնայած չէր ստացել գործի նյութերը ու չէր ծանոթացել դրանց, նիստում հնարավորություն տվեց հայցվոր կողմին ներկայացնել բողոքը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բողոքը ներկայացնելիս հայտնեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական հետապնդման մարմնին հաղորդումը ստանալիս 4-րդ ճանապարհ չի սահմանում, հետևաբար՝ խախտվել է փաստաբանների իրավունքը՝ հանցագործության հաղորդման առնչությամբ համապատասխան որոշում ստանալու վերաբերյալ:
«Դատարանից խնդրում ենք՝ Քրեական հետապնդման մարմնին՝ ՀՀ Դատախազությանը և/կամ Հատուկ քննչական ծառայությանը պարտավորեցնել վերացնելու իրենց անգործության հետևանքով առաջացած մեր իրավունքների խախտումը»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Արա Զոհրաբյանը նշեց, որ «գնդակը ՀՔԾ-ի դաշտում է, սակայն, հաշվի առնելով, որ դատախազությունից ուղեկցող գրության մեջ կա որոշակի ցուցում, այսինքն՝ կոնկրետ հանձնարարություն», նպատակահարմար են գտել, որպեսզի դատախազությունը ևս այս գործում լինի պատասխանող, որոցհետև, ըստ Արա Զոհրաբյանի, ՀՔԾ-ն կարող է անգամ ասել, որ կաշկանդված են եղել դատախազության ցուցումով:
Արա Զոհրաբյանը նաև նշեց, որ դատախազությանն ուղղված իրենց հաղորդման մեջ ներառել են՝ ինչպես նախապատերազմյան և հետպատերազմյան շրջանում կատարված գործողություններ, այնպես էլ՝ պատերազմի օրերին կատարված գործողություններ, հնչեցված հայտարարություններ, ապա ներկայացրեց դրանք՝ շեշտելով, որ իրենց ներկայացրած հաղորդումը չէր կարող միացվել ՀՔԾ-ում քննվող այլ հոդվածով հարուցված քրեական գործի քննությանը:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչ դատախազ Մուրադյանը, որը նաև հանդիսանում է Մովսես Հակոբյանի հնչեցրած տեղեկությունների հիման վրա հարուցված գործով հսկող դատախազը, նշեց, թե երբ ստացվել է հայտարարությունը, պարզվել է, որ դրանում ներկայացված փաստական համգամանքներով արդեն ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ, ղեկավարվել է ՔԴՕ 27-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ ու ուղարկել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի կցվի Մովսես Հակոբյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործին ու նախաքննության ընթացքում դարձնեն համատեղ քննության առարկա:
«Մենք չենք հրաժարվել, անգործություն չենք ցուցաբերել, այլ, ընդամենը առաջնորդվելով ՔԴՕ 27-րդ հոդվածով, ուղարկել ենք քրեական գործով համատեղ հարցերը լուծելու»,- ասաց Մուրադյանը:
Դատախազը պարզաբանեց, որ իրենց վերլուծությունների արդյունքում հանգել են այն համոզման, որ ներկայացված հաղորդումը չի առնչվում ՔՕ 299-րդ հոդվածին, ինչպես նաև ըստ դատախազության՝ փաստաբանների ներկայացված փաստերը բավարար չեն եղել նյութեր նախապատրաստելու և ՔՕ 299-րդ հոդվածում քրեական գործ հարուցելու համար:
ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Բեգոյանն էլ իր հերթին պնդեց, թե որևէ կաշկանդող հանգամանք չկա արդեն քննվող գործի շրջանակներում բողոքաբերների նշած հանգամանքների շուրջ քննություն կատարելու համար, և դատարանին խնդրեց բողոքը մերժել:
Արա Զոհրաբյանը՝ որպես հավելում, նշեց, որ եթե Դատախազության ներկայացուցիչը վկայակոչի, որ ՀՔԾ-ում Մովսես Հակոբյանի նշած տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործով Նիկոլ Փաշինյանը ներգրավված է՝ որպես մեղադյալ, իրենց ներկայացված վարկածը կարելի է լսել, հավելեց, որ պատասխանող կողմի վկայակոչած ՔԴՕ 27-րդ հոդվածի կիրառման համար փաստակազմ առկա չէ:
Դատարանը, լսելով կողմերին, նիստը հետաձգեց՝ գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 26-ին: