Դատախազությունը սկսում է քրեական գործերի կոծկման պրոցեսը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, իրավաբան Արթուր Ղազինյանի խոսքով՝ դատախազության գործողությունները, այն է՝ փաստաբանների ու իրավաբանների ներկայացրած՝ պետական դավաճանության մասին հաղորդումների հիման վրա քրեական գործեր չհարուցելը, պետք է հետագայում ստանան իրավական, կամ, որ ավելի հավանական է՝ քրեաիրավական գնահատական:

«Դատախազությունն ակնհայտ չարաշահել է իր լիազորությունները,  ինչը հանգեցրել է  ծանր հետևանքների՝ անզգուշությամբ առայժմ: Եթե ապացուցվի, որ դա տեղի է ունեցել քաղաքական փոխհամաձայնության արդյունքում, մասնավորապես, եղել է համաձայնեցված երկրի բարձրագույն քաղաքական իշխանության հետ, որ դատախազությունը զեկուցել է այս բոլոր հաղորդումները պետության ղեկավարին և ստացել անմիջական քաղաքական հրահանգ՝ մերժել քրեական գործի հարուցումը, ապա այստեղ գործ կունենանք պետական դավաճանության հանցակցության հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ղազինյանը:

Իրավաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ դատախազությունը պարտավոր էր որոշում կայացնել՝ քրեական գործ հարուցելու մասին, քրեական գործի հարուցումը մերժելու մասին և ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին: Մինչդեռ որոշում է  կայացվել Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ, ու պատերազմին, Արցախյան հակամարտությանը, պետական դավաճանությանը առնչվող բոլոր հաղորդումները ուղարկվում են կցվելու այդ քրեական գործին, որի հետ, ըստ Ղազինյանի, իրենց ներկայացրած հաղորդումները կապ չունեն:

«Դատախազությունը որոշել է բաղդատել այս քրեական գործի քննությունը: Մի մասը քննվում է ԱԱԾ Քննչական դեպարտամենտում, մյուս մասը քննվում է ՀՔԾ վարույթում, որոշ դրվագներ առկա են Քննչական կոմիտեում: Այսինքն՝ բաղդատվում է և դրանով իսկ սկսվում գործի կոծկման պրոցեսը»,- նշեց Արթուր Ղազինյանը:

Հիշեցնենք, որ փաստաբանները 2020թ. դեկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն իրականացնելու համար հաղորդում էին ներկայացրել դատախազություն, այն հետագայում ուղարկվել է ՀՔԾ ու կցվել Մովսես Հակոբյանի ներկայացրած փաստերի վերաբերյալ հարուցված քրեական գործին: ՀՔԾ որոշումը փաստաբանները բողոքարկել են դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս