ԱԱԾ-ն բացահայտել է բռնություն գործադրելու սպառնալիքով մարդկանց շահագործման դեպքեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով մարդկանց շահագործման դեպքեր բացահայտելու մասին:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական կերպով շարունակելով հանրային տարբեր բնագավառներում առկա հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ իր գործառույթների անշեղ իրացումը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզել է, որ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա և, ներկայանալով որպես ադրբեջանցի, վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին, որից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի՝ իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:
Վերոհիշյալ դիտավորյալ գործողություններով սոցիալական ցանցի՝ նշված օգտատերը կատարել է մարդկանց, այդ թվում՝ 16 տարին չլրացած երեխայի շահագործում, որը դրսևորվել է իգական սեռի մի խումբ անձանց շահագործման վիճակի մեջ դնելով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով:
Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել տվյալ սոցիալական ցանցում «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին, ով ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննության ընթացքում պարզաբանվել են շուրջ մեկ տասնյակ տուժողներ, ովքեր դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել են համապատասխան պարզաբանումներ, կատարվել են բազմաթիվ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս կողմից շահագործված բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ օրենքով իրեն վերապահված գործիքակազմի կիրառմամբ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել իրավիճակից բխող վճռական գործողություններ՝ կանխելու խոցելի իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ հնարավոր հանցավոր ոտնձգությունները և տեղեկացնում, որ նկարագրված հանցավոր արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար որպես պատիժ նախատեսված է տասից տասներկու տարի ժամկետով ազատազրկում:
Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգություն ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է հանրությանն ապավինել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ այդպիսի առաջարկների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին՝ այդ կերպ խուսափելով խարդախության զոհի կամ այլ խոցելի վիճակում հայտնվելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: