
Բեռնատարի շրջվելու հետևանքով 16 մարդ է զոհվել Հնդկաստանում

Տասնվեց մարդ զոհվել եւ հինգը ծանր վերքեր են ստացել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում բեռնատարի շրջվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է նահանգի ոստիկանությունը։
Զոհվածները, որոնց թվում երեք տարեկան երեխա կա, ընթանում էին պապայայով բեռնված բեռնատարի թափքում, երբ այն փետրվարի 14-ի ուշ երեկոյան շրջվեց Քինգաոն գյուղի մերձակայքում: Զոհվածների մեծամասնությունը տեղի բանվորներն էին: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառը: Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: «Բեռնատարի հոգեցունց վթար Մահարաշտրայի նահանգում: Ցավակցություն զոհվածների ընտանիքներին: Վիրավորները որքան կարելի է թող շուտ ապաքինվեն»,-ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: