«Մեր վարչապետը շատ թույլ է, հողեր է հանձնում». հարցում Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ 168.am-ը շրջել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում կառավարության աշխատանքը, արդյոք պե՞տք է իշխանափոխություն։
Նշենք, որ հարցված բոլոր քաղաքացիներն էլ պատասխանել են մեր հնչեցրած 3 հարցերին:
Ի՞նչ ակնկալիքներ ունեիք գործող իշխանություններից, արդարացվե՞լ են ձեր սպասումները։
«Չէ, սպասումները շատ էին, բայց ընդհանուր առմամբ՝ չէ»,- պատասխանեց միջին տարիքի մի կին:
«Գոհ չենք, որովհետև 3 տարի իրենց ներկայացրած ծրագրից ոչ մի առաջարկ չի՛ կատարվել, անկախ նրանից՝ պատերազմի հարցը կա՞, թե՞ չկա, ոչ մի օգուտ չենք ստացել, վնասները ծովից ծով ենք ստացել…»,- ասաց մեծահասակ մի տղամարդ:
«Շատ վատ է ամեն ինչը, թե պաշտպանության նախարարությունը վեկալ, թե տնտեսությունը վեկալ, բոլորն էլ շատ վատ են, ոչ մեկը լավ չի աշխատում»,- պատասխանեց մեկ ուրիշը:
«Ներկայիս կառավարությունից բան չեմ հասկանում, այնտեղ մի հատ խելացի մարդ չեմ տեսնում, որ այս ժողովրդի մասին մտածեն, հողի, ջրի մասին: Գալիս այնտեղ նստում են, թուղթ ու գրիչով խոսում են, թողնում գնում են, մի բան չեն անում»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
«Առաջին օրվանից իրեն չեմ հավանել, չեմ ընտրել, ոչ էլ իր ղեկավարած լակոտակազմին, բոլորը լակոտներ են նստած այդ կառավարությունում»,- ասաց տարեց մի կին:
Հայաստանում պե՞տք է իշխանափոխություն:
«Չեմ կարծում, որ հիմա դրա անհրաժեշտությունը կա, որովհետև ով էլ գա՝ բացառիկ բան չի անելու այս երկրի համար, գուցե ավելի վատ ճանապարհով տանի: Պետք է մի շանս էլ տալ վարչապետին, որ տեսնենք՝ ինչ է լինում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:
Մեծահասակ մի տղամարդ էլ պատասխանեց, որ իշխանափոխությունն այս փուլում պարտադիր է.
«100% իշխանափոխություն պետք է, այդքանից հետո, որ ինքն էլի ժողովրդին խաբելով՝ իր աթոռից չի ուզում հեռանա, ես ի՞նչ կարող եմ ասել: Իմ կարծիքով՝ իր հեռանալն ամենաձեռնտուն է»:
«Ինձ պետք չէ իշխանափոխություն, 3 անգամ իշխանափոխությանը մասնակցել ենք, տեսել ենք, թե դա ինչ է բերում, ոչ մի լավ բան էլ չի բերում»,- ասաց միջին տարիքի մի տղամարդ:
Մեծահասակ մի կին էլ բարկացած պատասխանեց.
«Իհարկե, իրեն պետք է հանեն, թող ինձ դնեն: Իհարկե, իրեն հանել պետք է իր ղեկավարած խմբի հետ»:
Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ւմ կընտրեիք:
«Ոչ մեկի, այ հիմա ոչ մեկին չէի ընտրի, որովհետև ով էլ գա՝ չեմ կարծում, որ լավ հեղաշրջում կանի երկրում: Մեր հույսը վարչապետն էր, որ թավշյա հեղափոխությունով եկավ, որ դրական փոփոխություններ պետք է լիներ, բայց հակառակը ստացվեց, Փաշինյանը տարավ դեպի անդունդ, դեպի ազգի կործանում…»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:
Տարեց մի տղամարդ էլ պատասխանեց, որ ներկա ուժերի մեջ արժանի մարդ չի տեսնում.
«Մեզ Դեմիրճյան էր պետք, որ կարողանայինք կենտրոնանայինք, ժողովրդին ոտքի հանեինք: 10.000-ից ավելի զոհ ենք տվել, գենոցիդ է, դրանից ավելի բան չեմ կարող ասել: Իմ տղեն գնացել է իրենց պատճառով, իրենց մեղքով… Ես այս իշխանությունից ի՞նչ խոսեմ: Ներկայիս թեկնածուներից ոչ մեկն ինձ ձեռք չի տալիս, ավելի լավ է՝ դրսից մեկը գա, որին որ չենք էլ ճանաչում, այդ մարդը մի քիչ շնորհք ունենա, այս ժողովրդին ոտքի հանի:
Բոլորն այն կարծիքին էին, որ մեր վարչապետը շատ թույլ է, հողեր է հանձնում, ներկա դրությամբ թշնամին քիչ-քիչ առաջ է գալիս, ինքը ոչ մի բանի պատասխանատվունյուն չի վերցնում, միայն իր իշխանությունն է ուզում պաշտպանի, դրա համար բոլորս միաձայն համաձայն էինք, որ ներկա իրավիճակում գործող վարչապետը չպետք է աշխատի, իսկ թե ո՞վ կաշխատի՝ արդեն ընտրությունը ցույց կտա: