Բաժիններ՝

Ինչո՞վ է այժմ զբաղվում թեստեր արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, և ի՞նչ եղավ վարչապետի խոստացած 550 հազար դոլարը

Covid 19-ը աշխարհում շարունակում է պահպանել իր վտանգները, ու թեև արդեն մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը, ամեն օր աշխարհում շարունակում են գրանցվել հազարավոր դեպքեր: Առավոտյան տվյալներով՝ ավելի քան 107,778,000 մարդ աշխարհում համարվում է կորոնավիրուսի վարակակիր, և ավելի քան 2,367,300 մարդ՝ համավարակի հետևանքով մահացած:

Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 154 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 830-ի: Մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3926-ի: Մեկ օրում արվել է 2893 թեստ:

Քանի որ համավարակի սկզբում աշխարհում առկա էր թեստերի դեֆիցիտ, Հայաստանը որոշեց թեստեր արտադրել տեղում: Դեռ անցյալ տարի ապրիլ ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կատարենք թեստերի արտադրությունը տեղում»:

Ամիսներ անց, սակայն, պարզվեց, որ հատկացումն ամենևին էլ 550 հազար դոլարի չափով չէր, այլ 250.000 դոլարի, այն էլ՝ ռեագենտների և լաբորատոր պարագաների տեսքով:

168.amը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանից հետաքրքրվեց՝ ինստիտուտը շարունակո՞ւմ է արդյոք կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի արտադրությունը: Նա տեղեկացրեց.

«Այս պահին չի շարունակում: Մենք այժմ հետազոտում ենք Հայաստանում շրջանառվող կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը»:

Հարցին, թե այդ հետազոտությունն արվում է պետական պատվերո՞վ, ՄԿԻ տնօրենը պատասխանեց. «Աշխատանքն իրականացվում է մեր ինստիտուտի հետազոտական թեմայի շրջանակներում, մասամբ՝ պետական պատվերով, մասամբ՝ դրամաշնորհային և այլ միջոցներից»:

Քանի որ Արսեն Առաքելյանը բազմիցս նշել էր, որ վարչապետի հիշատակած 550 հազար դոլարից ստացել էին միայն 250 հազար դոլարը՝ նյութերի տեսքով, նրանից ճշտեցինք, թե վարչապետի խոստացած գումարի մասնակի տրամադրումից հետո եղե՞լ է որևէ պայմանավորվածություն, նոր գումարի տրամադրում:

«Մեզ գումար չեն հատկացրել. մեզ հատկացրել են նյութեր, մնացած հարցերը՝ վարչապետից:

Մենք ստացել ենք նյութեր, նյութերից պատրաստել ենք թեստեր, ու վերջ. ուրիշ հավելյալ գումար մենք չենք ստացել»,- պարզաբանեց նա:

Դիտարկմանը՝ «Ոչ աշխատավարձի տեսքով, ոչ՝ ա՞յլ», Ա. Առաքելյանն արձագանքեց. «Որոշակի մասնակի չափով այդ աշխատանքների համար պարգևատրվել են այն աշխատակիցները, որոնք դրանով զբաղվել են, ու դրա վերաբերյալ կա որոշում կառավարությունում: Շատ փոքր չափով»:

ՄԿԻ տնօրենը հավելեց՝ իրենք ավել բան չեն էլ ցանկացել. «Մեր նպատակը գումար վաստակելը չէր, մեր նպատակը հանրապետությանը որոշակի օգուտ տալն էր ու կորոնավիրուսի դեմ պայքարելը»:

Կոնկրետ այս թեմաների շրջանակում եղե՞լ է հանդիպում Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, մենք աշխատանքային քննարկումներ ունեցել ենք ընդհանրապես տարբեր թեմաներով, որի մեջ և՛ թեստավորումն է, և՛ վիրուսի հետազոտություններն են, և այլն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս