Ռուսաստանը կարող է կենդանիներով արբանյակ ուղարկել ուղեծիր
Ռուսաստանը կարող է «Կովչեգ» նախագծի արբանյակ ուղարկել ուղեծիր, որի մեջ կենդանիներ կլինեն գիտական հետազոտությունների համար: Այդ մասին վկայում է «Պրոգրես» հրթիռա-տիեզերական կենտրոնի («Ռոսկոսմոս»-ի ձեռնարկություն) գլխավոր տնօրեն Դմիտրի Բարանովի հայտարարությունը: Խոսքը թիվ 2 «Բիոն-Մ» գիտական ապարատի մասին է, որն սկզբում պլանավորվում էր ուղարկել 800 կիլոմետր բարձրության վրա, իսկ այժմ քննարկվում է 20 հազար կիլոմետր բարձրությունը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին նշել է աղբյուրը, այդ պլանները կապված են Լուսին եւ այլ մոլորակներ ռուսաստանցի տիեզերագնացներ ուղարկելու պատրաստության հետ: «Այդ բարձրությամբ արձակման եւ վայրէջքի ժամանակ ոչ մի խնդիր չի առաջանում: Այո, իսկապես, մենք՝ որպես այդ տիեզերական ապարատի արձակման հնարավոր տարբերակներից մեկը, մշակում ենք ոչ թե 80 կիլոմետրը, ինչպես ենթադրվում էր, այլ ավելի բարձր: Այժմ այդ հարցը գտնվում է քննության փուլում»,-լրագրողներին ասել է Բարանովը: Նրա խոսքով՝ այդպիսի որոշում ընդունելու դեպքում կպահանջվի տիեզերական ապարատի ոչ մեծ վերափոխում:
Որոշումը կընդունվի ՌԴ Գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտի կողմից, որն այդպիսի առաջարկության մեջ պետք է գիտական հետաքրքրություն գտնի: Ավելի վաղ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է, որ «Ռոսկոսմոս» կորպորացիան ՌԴ Գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտին եւ Դաշնային բժշկակենսաբանական գործակալությանն առաջարկել է՝ անմիջականորեն սկսել պատրաստվել Լուսին եւ Արեգակնային համակարգի այլ մարմիններ ռուսաստանցի տիեզերագնացներ ուղարկելուն՝ 2024 թվականին մոլորակի երկրամագնիսական դաշտի սահմաններից դուրս գիտական ապարատ արձակելով, որի մեջ կլինեն բույսեր եւ կենդանիներ՝ այդ պայմաններում դրանց երկարատեւ գտնվելու հնարավորությունն ուսումնասիրելու համար: Խոսքն ավելի վաղ «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի կողմից ազդարարված «Կովչեգ» նախագծի մասին է, որի շրջանակներում առաջարկվում է 2024 թվականին տիեզերական ապարատը Երկրի նկատմամբ 20 հազար կիլոմետր բարձրությամբ ուղեծիր արձակել չորս շաբաթով՝ տիեզերական կենսաբանության, ֆիզիոլոգիայի եւ կենսատեխնոլոգիայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: