Անձերը քննարկելով՝ մենք մեր ձեռքով Հայաստանը տանելու ենք կործանման. Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ այսօր հանրությունը գիտակցման փուլում է ու փորձում է ընկալել, թե ինչ ունենք նոյեմբերի 10-ի պարտվողական հայտարարությունից հետո:
«Մարդիկ սկսում են հետևություններ անել, թե ինչ է իրականում կատարվել, ոնց է եղել: Հիմա են գիտակցում, ամեն օր նոր տեղեկություններ ստանալով, իրական կյանքում՝ սկսած նրանից, որ «արդյո՞ք այս մի մասով մենք կարող ենք գնալ, թե՞ ոչ», կամ ինչ հնարավորություններ կան կամ ինչ փոփոխություններ են սպասվում: Այդ ամենի հետևանքների գիտակցման փուլն է, որը նաև իր մեջ կրելու է հետևությունների շատ բարդ ցանկ»,- այսօր ասուլիսի ընթացքում ասաց Թևան Պողոսյանը:
Թ. Պողոսյանի խոսքով՝ այս ամենը հետևանքն է նրա, որ հայտարարության ստորագրումից հետո իշխանությունների կողմից չի եղել խաղաղ հեռանալու և նոր պատուհան ձևավորելու գիտակցված մոտեցում:
Ըստ նրա՝ անհրաժեշտ է ձևավորել ազգային օրակարգ ու փորձել երրորդական հարցերը չդարձնել համընդհանուր քննարկման խնդիրներ:
«Առնվազն իշխող մեծամասնությունը պետք է գիտակցի, որ իր քաղաքական պատասխանատվության բառի հետևանքը պետք է լինի այն, որ իրենք խաղաղ և գիտակցված հեռանան և հնարավորություն ընձեռեն՝ ճգնաժամերի այն շարքը, որ մեր առաջ կանգնած է, նոր մոտեցումներով առաջ տանելու՝ սկսած անվտանգությունից: Կլինի նոր բանակցող, որը չի ունենա պարտավորություններ, միգուցեև կարող է փորձել ինչ-որ բան անել, փոխել, քան թե այսօրվա գործող բանակցողը: Երբ տնտեսական ճգնաժամերը գալիս են՝ մոտեցումներ, և չկա ոգեշնչում, իսկ առանց ոգեշնչման և ապագան նայելու ցանկությունների՝ մենք երբևէ չենք կարող տեսնել նոր մոդելի ներգրավում, նոր մոտեցումներ, որ կան»,- նշեց Թևան Պողոսյանը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահի դիտարկմամբ՝ պետք է ձևավորվի հակաճգնաժամային կառավարման ժամանակահատված, որը թույլ կտա, որպեսզի քաղաքական դաշտում դրան զուգահեռ՝ ձևավորվեն նոր թիմեր, նոր մոտեցումներ, դասեր քաղվեն ու ճգնաժամը հաղթահարելու փուլից հետո նոր կազմակերպվեն ընտրություններ, որտեղ քաղաքացիները կգնան իսկապես գիտակցված ընտրությունների ու պոտենցիալ ընտրվողներին չեն քննարկի նրանց անձերի վրա հիմնվելով:
«Մենք սովորել ենք քննարկել ոչ թե՝ ինստիտուտներն ու երևույթները, այլ անձերի շեմին ենք մնացել… Մենք վախենում ենք, որ կարող է Հայաստանում ձևավորվի քաղաքական թիմ և ներկայացնի քաղաքական հայտ: Երբ դու վախով ես, մի հատ էլ վախ ունես, որ անվտանգությունդ ուրիշն է ապահովում, երկու վախը ի՞նչ է՝ մահ է: Փաստորեն, մենք նման քննարկումներով ինքներս մեր ձեռքով տանելու ենք Հայաստանի Հանրապետության կործանման»,- հավելեց նա: