Տարածաշրջանում ինտենսիվ գործընթացներ են գնում, այդ թվում՝ ռազմական. Ռազմական վերլուծաբան

Փետրվարի 1-ից Կարսում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ ձմեռային պայմաններում հարձակողական գործողությունների պլանով, շարունակվում են:

Թեև ձմեռային վարժանքներն այս երկրների դեպքում նորություն չեն, Հայաստանում թուրքական սպառնալիքի ընկալումն էլ ավելի սուր է Արցախյան պատերազմից հետո: Դեռ թարմ է հիշողությունն այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժություններից մեկուկես ամիս անց Ղարաբաղում սկսվեց 44-օրյա պատերազմը, որին, ըստ մի շարք հաղորդումների, ուղղակի մասնակցություն են ունեցել նաև թուրք զինվորականները։

«Ձմեռ-2021»-ը ևս ուշադրության և վերլուծության արժանի իրադարձություն է: Նշենք նաև, որ զորավարժությունները տեղի են ունենում Ակնայում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի աշխատանքի մեկնարկին և Ադրբեջանի անվտանգության և ռազմական համակարգում թուրքական լիակատար ինտեգրմանը զուգահեռ: Մինչ վարժանքների մեկնարկը՝ անցած շաբաթավերջին, Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը՝ Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու։ Հյուրընկալելով թուրք բարձրաստիճան զինվորականին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոսել էր երկուստեք ռազմական կապերն ամրապնդելու և ընդարձակելու մասին՝ պնդելով, թե դա նպաստում է ոչ միայն երկու երկրների շահերին, այլև՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ձմեռ-2021»-ը թուրք-ադրբեջանական ռազմական պլանի բաղադրիչներից է:

Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ համագործակցությունն այդ ոլորտում եղել է ու հիմա ևս ինտենսիվորեն շարունակվում է: Սակայն, Ջերմանի խոսքով, ամեն զորավարժություն չէ, որ հարևանների համար սպառնալիք է:

«Հիշենք, որ պատերազմից առաջ Հայաստանը ևս ունեցել է զորավարժություններ Ռուսաստանի հետ, բազայի շրջանակում տարատեսակ աշխատանքներ, ինչը դիտարկվում է՝ որպես պարբերական աշխատանք բանակի մարտունակության պահպանման, ժամանակին համահունչ լինելու և մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Իսկ Թուրքիայի դիտանկյունից սպառնալիքները չափազանց շատ են, Թուրքիայի արտաքին քաղաքական խնդիրները բազում են, դրանում մի մեծ բաժին է հատկացված Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ համագործակցություն և համապատասխան դիրքավորում-ուժի ցուցադրություն, սրանք այդ հարաբերությունների ամենակարևոր բաղադրիչներն են: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարդ անցյալ և բարդ ներկա ունեն, քանի որ, ինչպես կա սերտ համագործակցություն, այնպես էլ խնդիրներ, որոնցից մեկն օրերս տեղեկությունն էր, որ ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում հերթական հարվածներն են հասցրել ահաբեկչական բազաներին Իդլիբում:

Ռուսաստանը մտավախություններ ունի, որ ահաբեկչական խմբավորումներն էլ ավելի կբարձրանան և կմոտենան իր սահմաններին, Թուրքիայի ներքաղաքական կյանքում ևս Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղղությունների և ընդլայնման ուղղությունների վերաբերյալ լուրջ տարաձայնություններ կան, հենց այդ պատճառով էլ այս հարաբերությունները չեն կարող լինել խաղաղ՝ մեծ ցանկության դեպքում նույնիսկ:

Օդատիեզերական ուժերի հարվածների մասին տեղեկությունները չափազանց խոսուն են, որովհետև գուցե թվա, որ կա լավ համագործակցություն, բայց դա ուղեկցվում է ուժային կարծր բաղադրիչով, ուժի ցուցադրմամբ և անընդհատ միմյանց ձգտումները վերաձևելով: Նույնը՝ ավելի թույլ կերպով, անընդհատ փորձում է անել Թուրքիան, այդ թվում՝ զորավարժություններով:

Զորավարժությունը՝ ինչպես անհրաժեշտություն է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության կոնտեքստում, այնպես էլ՝ մահակ Հայաստանի, ինչպես նաև՝ Ռուսաստանի համար: Հայաստանի դեպքում դա կարևոր է, ըստ իս, Ադրբեջանի տեսանկյունից, քանի որ կան մտավախություններ, որ այս կամ այն փուլում Հայաստանը կհրաժարվի պայմանավորվածություններից, մասնավորապես՝ ապաշրջափակման: Ռուսաստանի և Թուրքիայի կողմից միմյանց նկատմամբ գործի է դրվում ուժ և ցուցադրվում է ուժ: Ներկայումս ռազմական ուժն ամենաորոշիչ գործոնն է, և այդ ուղղությամբ Թուրքիան ու Ադրբեջանն աշխատում են, բայց դա անպայմանորեն ռազմական սրացումներ չի ենթադրում: Այս պահին նման սպառնալիքներ չեմ տեսնում, սակայն տարածաշրջանում գործընթացներ են գնում ինտենսիվ, այդ թվում՝ ռազմական, ինչը ենթադրում է տարածաշրջանում բոլոր երկրների կողմից զգոնություն և համապատասխան վերաբերմունք»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ այս պահին նոր բռնկումների հավանականություն չի տեսնում:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանից չեն հեռացվում ահաբեկիչները, ինչպես մի շարք աղբյուրներ են պնդում, նա նշեց, որ այդ մասով որևէ տեղեկատվության չի տիրապետում, ուստի չի կարող որևէ վերլուծություն անել:

Տեսանյութեր

Լրահոս