Բաժիններ՝

Կառավարությունը փորձում է պարտքային բեռը փոխանցել հասարակության վրա. Տնտեսագետ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախորդ տարվա ավարտին ԱԺ-ում հայտարարեց, թե 2021-ին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 3.2 %:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ 2021թ․ տնտեսական ցուցանիշները խիստ մտահոգիչ են լինելու, ու դա պայմանավորված է մի քանի ոլորտներում իշխանության ձախողած քաղաքականությամբ:

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020թ․ ընթացքում մենք ձախողել ենք մեր տնտեսական, սոցիալական, ֆինանսական քաղաքականությունները և վատ հիմքերով ենք անցել 2021թ.: Բացի այդ, 2021թ․ ընթացքում գործող կառավարությունը շարունակում է իր անպատասխանատու գործելաոճը՝ ամենը թողնելով մասնավորի վրա, և զուտ պոպուլիստական հայտարարություններով փորձում է տնտեսություն կամ սոցիալական համակարգեր կառուցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ 2021թ․ հիմնական մարտահրավերներից է լինելու էներգակիրների գների աճը: Հիշեցնենք, որ 2020թ․ հունիսի 19-ից բնական գազի գինը բարձրացել էր բիզնեսի համար: Փետրվարի 1-ից էլ նույն այդ բիզնեսի համար թանկացել է էլեկտրաէներգիան՝ 3 դրամով կամ շուրջ 8%-ով:

«Բիզնեսը, որն ապրանք է արտադրում, ծառայություն է մատուցում, ստիպված է 8%-ով ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի համար: Բնականաբար, նա կա՛մ թանկացնելու է ապրանքը, կա՛մ ուղղակի շուկայից դուրս է մնալու՝ չկարողանալով վաճառել իր ապրանքը: Այս որոշումները փորձում են իրականացնել պոպուլիստական տրամաբանության շրջանակներում, այսինքն՝ «տեսեք, բաժանորդների 90%-ի մոտ չի ավելացել սակագինը», բայց մոռանում են նշել, որ բիզնեսը եթե չաշխատի, բիզնեսը եթե չգործի, նույն բնակչությունն աշխատատեղ չի ունենալու: Երբ բնակիչն աշխատանք չունենա, ինչպե՞ս են վճարելու էլեկտրաէներգիայի համար: Մենք խնդիրներ ունենք, այդ խնդիրներն ավելի են խորանում»,- նշեց տնտեսագետը:

Պարսյանի խոսքով՝ նվազել է նաև Հայաստանի ներդրումային գրավչությունը, ինչը ևս 2021թ․ տնտեսական սպասումները դեպի վատն է տանում:

«Միջին և խոշոր գրեթե բոլոր ներդրումային նախագծերը սառեցված են: Իսկ այդ սառեցման պատճառը դարձյալ գործող իշխանություններն են, քանի որ նրանք ներդրումները, տնտեսական գործընթացները մշտապես կապում են քաղաքական պրոցեսների հետ: Եվ հիմա հայտարարելով, որ նոր արտահերթ ընտրություններ պետք է լինեն, դրանով դարձյալ բացասական ազդակ են հաղորդել բիզնեսին, և բիզնես-նախագծերից շատերն ուղղակի սառեցված են հիմա՝ ցանկանալով հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու, քաղաքական ինչ փոփոխություններ են տեղի ունենալու, որ որոշում կայացնեն: Այսինքն՝ մենք ունենք բավականին վատ սպասումներ 2021թ․ համար, և այդ սպասումները վերացնելու համար իրոք պետք է կտրուկ արմատական փոփոխություններ լինեն ամբողջ կառավարման համակարգում: Եվ զուտ մի քանի նախարարի փոփոխությամբ այս խնդիրը չի լուծվելու»,- նշեց մասնագետը:

Դիտարկմանը, թե սառեցված ներդրումները ենթադրում են վստահության պակաս պետության տնտեսական ապագայի նկատմամբ, մինչդեռ կառավարության ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, թե եվրոբոնդերի տեղաբաշխումը ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների կողմից վստահություն կա Հայաստանի տնտեսական ապագայի նկատմամբ, արդյունքում ստացվում է, որ այստեղ կա հակասություն, Պարսյանը հետևյալ կերպ արձագանքեց.

«Եվրոբոնդերի թողարկումն ու տեղաբաշխումը չի կարող խոսել երկրի ներդրումային միջավայրի մասին կամ քաղաքական իրավիճակի մասին: Պետական այդ պարտատոմսերը երաշխավորված են, և անկախ նրանից՝ ով կլինի այդ պահին իշխանության, դա կլինի Նիկոլ Փաշինյանը կամ հաջորդ կառավարությունը, բոլոր դեպքերում այդ պարտատոմսերի համար պետությունն է պատասխանատվություն կրում: Այսինքն՝ դա պետության կողմից երաշխավորված, Հայաստանի կառավարության կողմից երաշխավորված պարտատոմսեր են, կոնկրետ ֆիքսված եկամտաբերությամբ: Սա բավականին ցածր ռիսկայնություն է:

Ենթադրենք՝ եթե Հայաստանի կառավարությունը չկարողանա վերադարձնել այդ գումարները, այդ դեպքում պարտատերերը կարող են դիմել տարբեր արբիտրաժային դատարաններ, Հայաստանի ակտիվների համար կալանք կիրառելու վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել: Այսինքն՝ կան հստակ մեխանիզմներ՝ գումարները հետ բերելու ուղղությամբ:

Եվ, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ գործող կառավարությունը ցանկանում է լրացուցիչ հարկեր հավաքագրել, օրինակ, հրապարակեցին հարկային ճեղքի համալրման քաղաքականություն, որի համաձայն՝ ցանկանում են կրթությունը և առողջապահությունը հարկել ԱԱՀ-ով, բնականաբար, դրանից տուժելու է բնակչությունը, բայց պետական բյուջե մուտքերն ավելանալու են: Դա կարող է մինչև, օրինակ, 150-200 միլիոն դոլար լրացուցիչ գումար բերել պետական բյուջե: Իսկ պետական պարտքը սպասարկելու տեսանկյունից շատ կարևոր է երկրի եկամտաբերության աճը, այսինքն՝ եթե երկիրը նոր պարտք է վերցնում, դա լինի համաշխարհային ֆինանսական կազմակերպություններից կամ տարբեր ներդրումային ընկերություններից, ապա զուգահեռաբար պետք է իր եկամուտներն ավելացնի: Իսկ գործող իշխանություններն այդ եկամտի ավելացումը փորձում են իրականացնել ի հաշիվ բնակչության, ի հաշիվ սոցիալական ոլորտների ծախսերի աճի: Այսինքն՝ նրանք ըստ էության ֆինանսական տեսանկյունից փորձում են այդ պարտքային բեռը փոխանցել հասարակության վրա: Սա է իրենց հիմնական տրամաբանությունն ու փիլիսոփայությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս