Չինաստանի ապրանքաշրջանառությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ գերազանցել է 100 մլրդ դոլարը
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Չինաստանի առեւտրի ծավալը 2020 թվականին առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։
«Չինաստանի ապրանքաշրջանառությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 17 պետությունների հետ (բացառությամբ Ռուսաստանի – ծանոթ. խմբ.) անցյալ տարի առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը՝ ավելանալով 8,4 տոկոսով՝ մինչեւ 103,45 միլիարդ դոլար»,- հայտնել է նա ամենշաբաթյա ճեպազրույցում:
Ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը մշտապես ձգտում է բարձրացնելու համագործակցության ինտենսիվությունն ու ընդլայնելու ընդգրկումը: Ինչպես ճշտել է նա, 2020 թվականի վերջի դրությամբ այդ տարածաշրջանում ՉԺՀ-ի ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 3,14 միլիարդ դոլար:
Համապատասխանաբար, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների կողմից Չինաստանի տնտեսությունում ներդրված կապիտալի ծավալը գերազանցել է 1,72 միլիարդ դոլարը: Ինչպես պարզաբանել է Գաո Ֆենը, այդ երկրների հետ փոխգործակցելիս չինացի ներդրողներին ամենից շատ հետաքրքրում են էներգետիկան, արդյունահանող ճյուղերը, լոգիստական եւ ենթակառուցվածքային նախագծերը, ինչպես նաեւ ավտոմոբիլաշինությունը:
Համագործակցության կարեւոր ուղղություններից մեկը դարձել են երկաթուղային փոխադրումները. 12 ամսում Հունգարիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան եւ Չեխիան ՉԺՀ են ուղարկել եւ այնտեղից ընդունել շուրջ 12,4 հազար բեռնատար շարժակազմ: «Մենք էլ ավելի ակտիվորեն կօգտագործենք առկա ներուժը, որպեսզի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ մեր փոխգործակցությունն անցնի ավելի բարձր մակարդակ»,- ամփոփել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: