ՀԱՕԿ-ը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Շնորհավորանքում մասնավորապես ասված է. «Մեր ժողովրդի սիրտը մխում է ծանր կորուստների համար, բայց նա չի ծնկում դաժան ճակատագրի առջև։ Չեն հուսալքվում նաև մարզաշխարհի մարդիկ։ Նրանք ընկածների հիշատակը հավերժացնելու համար վրեժխնդիր կլինեն հաղթանակներով։ Հայ ժողովուրդը մշտապես որոնում, ուղիներ է գտնում, համառ, քրտնաթոր ու նպատակային աշխատանքով հասնում է ցանկալի արդյունքի։ Հայրենական սպորտը կշարունակի իր վերընթացը ու պատվով դուրս կգա դժվարին իրավիճակներից։

2021 թվականը Օլիմպիական խաղերի տարի է։ Բնագավառի մարդիկ հաջողություն կունենան վարկանիշային մրցաշարերում, իրենց ունակությունները կդրսևորեն Տոկիոյի մրցասպարեզներում ու պարզճակատ կվերադառնան հայրենիք։Հայաստանի պատվիրակները միջազգային մրցասպարեզներում նվաճումներով կապացուցեն իրենց առաքելությունը։ Նրանք հասկանում, գնահատում են մեր օրհներգի ու եռագույնի արժեքը։ Շնորհավորում ենք հայոց մարզաշխարհի մարդկանց, համայն հայության Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թող արգասաբեր լինի 2021 թվականը և այն բերկրանք ու հպարտություն պարգևի հայ մարզիկներին ու ժողովրդին»:

Տեսանյութեր

Լրահոս