Մի ցախավել սարքելու դիմաց ստանում եմ 20 դրամ, հիմա սեզոնը փակվել է, ունեմ օգնության կարիք
34-ամյա Վարդուհին, ով միայնակ է մեծացնում 5-ամյա որդուն, աջակցության կարիք ունի:
Այս պահին նա աշխատում է Երևանում, ու իր օրը սկսվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղից Երևան հասնելով՝ 5 տարեկան որդու հետ, քանի որ կորոնավիրուսի բռնկումից սկսած մանկապարտեզը չի գործում, իսկ հիմա էլ այնտեղ ժամանակավոր բնակվում են Արցախից տեղափոխված ընտանիքներ:
«Ցախավելներ պատրաստող ընկերությունում եմ աշխատում: Ցախերը մշակում եմ, կապում: Հիմա էլ որ սեզոնը փակվել է, աշխատավարձ շատ քիչ եմ ստանում՝ 20-30.000 դրամ: Մի ցախավել սարքելու դիմաց տալիս են 20 դրամ: 100 հատ կապում եմ, որ 2000 դրամ ստանամ: Այս պահին աշխատանքը քչացել է, քանի որ ձյուն է, չեն կարողանում դաշտ մտնել ու քաղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհին՝ նշելով, որ հիմնականում հագուստի, սննդի կարիք կա:
«Երկուսն էլ բավականին թանկ են, չեմ կարողանում գնել, դրա համար խանութներում պարտքեր եմ կուտակել: Մասնագիտություն ունեմ, դեղագործ եմ, բուժքույր, սակայն, ցավոք, այդ ոլորտում աշխատել չի ստացվել»,- նշեց նա:
Քաղաքացուն կարող եք օգնել՝ կապ հաստատելով նշված հեռախոսահամարով՝ 077521060: