Բաժիններ՝

Հայաստանի յոթ հրաշալիքները. նոր մուլտֆիլմերը երեխաներին կպատմեն հուշարձանների մասին. ոլորտը հոգածության ներքո

2020 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով Հայաստանում վերականգնվել է կարևոր նշանակության մի քանի պատմամշակութային հուշարձան: Չնայած ՀՀ կառավարության մշակույթի ոլորտին ուղղված գումարներն էականորեն նվազել են, նախարարությունը նախատեսում է հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքներ իրականացնել նաև հաջորդ տարի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ այս տարի շարունակել են Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեռևս անցյալ տարի: «Շիրակի մարզի Հոռոմ համայնքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման աշխատանքներն են իրականացվել, Սյունիքի մարզի Բնունիս համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումն ու մասնակի բարեկարգումն է եղել: Վերականգնվել է նաև ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը, որը դրված էր Թումանյանի այգում, բայց վնասված էր: Վերականգնումից հետո այն տեղափոխվել է Դսեղ»,-նշեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ նախագծային աշխատանքներ են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ամրակայման համար, որտեղ նաև պեղումներ են կատարվել, Վայոց ձորի մարզի Շատիվանքի և Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի վաղ բրոնզեդարյան կացարանների և միջնադարյան համալիրի պարսպապատերի ամրակայման համար: «2021-ին ևս նախատեսում ենք մի շարք հուշարձաններ վերականգնել, բայց թե որքանո՞վ գումար կլինի ծրագրերն իրագործելու համար, դեռ պարզ չէ, քանի որ տրամադրված գումարը անգամ 70 միլիոն դրամը չի գերազանցում: Եթե պետությունը լրացուցիչ գումար ունենա, մենք կդիմենք՝ հուշարձանների վերականգնման համար»,-ընդգծեց փոխնախարարն ու հավելեց, որ նախատեսում են վերականգնել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց վանքը, Լոռու մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը, Քոբայրավանքը և այլ կառույցենր. անհրաժեշտ է նորոգել նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, քանի որ այն հուշարձան-շենք է և այնտեղ փլուզումներ են եղել:

Խաչատուրյանը հիշեցրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Հայփոստ»-ի հետ, նամականիշներ է թողարկել՝ նվիրված «Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: Նամականիշների վրա պատկերված են վերականգնման ենթակա պատմամշակութային հւոշարձաններ՝ Վայոց ձորի Ագարակաձորի կամուրջը, Շիրակի մարզի Երերույքի տաճարն ու Մարմարաշենի վանքը։

«Նամականիշների հասույթի մի մասն ուղղվելու է վերոնշյալ հուշարձանների պահպանությանը: Շատ հետաքրքիր նախաձեռնություն է: Ըստ իս՝ մարդկանց անգամ փոքր մասնակցությունը հուշարձանների պահպանությանը կարևոր նշանակություն ունի: Հուշարձանների վատթար վիճակում լինելը կապված չէ միայն ժամանակի և բնական աղետների հետ: Երբեմն մենք ենք վատ վարվում դրանց հետ: Հաճախ ենք բողոքում, որ օտար երկրներում, հատկապես հարևան երկրներում հայկական հուշարձանների նկատմամբ վատ վերաբերմունք կա, բայց մենք ևս շատ բան ունենք սովորելու: Ենթադրում են, որ պետք է երեխաներից սկսել: Այդ նպատակով դրամաշնորհային ծրագրերով հուշարձանների մասին ճանաչողական մուլտֆիլմեր ենք պատրաստել: Երեխաները, դիտելով մուլտֆիլմերը, կհասկանան, որ մեր պատմամշակութային ժառանգությունը անհրաժեշտ է պահպանել, խնամել, ոչ թե փչացնել, ախտոտել»,-ընդգծեց Նարինե Խաչատուրյանը:

Նա հայտնեց, որ մուլտֆիլմերի շնորհանդեսները նախատեսվում են 2021-ի հունվարին: ««Հայաստանի յոթ հրաշալիքները» պայմանական անվամբ մուլտֆիլմում ներկայացվում են մեր հուշարձաններն իրենց պատմությամբ, ավանդազրույցներով: Այդ ինֆորմացիայի շնորհիվ երեխաները կարող են սիրել հուշարձանները և, այդտեղ լինելով, վստահ եմ՝ չեն մտածի դրանք փչացնելու մասին»,-եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս