«Ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետ ներկայացրել է իր մոտեցումը». Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հանդիպումը:
«Ես ներկայացրի «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ դա հետևյալն է․ մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնենք և նախապատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այդ ընթացքում քննարկելի է նաև, եթե կարիք լինի, Սահմանադրության մեջ փոփոխություների հարցը, ինչի մասին մի քանի անգամ խոսել ենք:
Վարչապետն առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին, մենք ասել ենք, որ դեմ ենք, և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք: Այսինքն՝ ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը ներկայացրել է իր մոտեցումը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա հավելեց. «Ես կարող եմ ձևակերպել էսպես՝ ճգնաժամը շարունակվում է»:
Էդմոն Մարուքյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ հիշեցրեց, որ առանց ԼՀԿ-ի, առանց ԲՀԿ-ի այս խորհրդարանը ցրվել չի կարող. «Եթե մենք չեղանք ցրման պրոցեսի մեջ, խորհրդարանը չի ցրվելու, դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել՝ որպես թեկնածու, ընտրվել, և խորհդարանը չի ցրվի: Հետևաբար, այդ համաձայնությունը չկա, և խորհրդարանը չի ցրվի»:
Նա նաև նշեց, որ ինքն առաջադրվելու է, չբացառեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը ևս առաջադրվի:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը չբացառեց նաև այլ հանդիպումները:
Դիտարկմանը, թե քաղաքական մեծամասնությունն ակտիվ «Ընտրական օրենսգիրք» է բարեփոխում՝ Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ունի՞ 88 ձայն, որ ընդունի»:
Ի պատասխան լրագրողների հարցին, թե՝ չունի՞, նկատեց. «Դե թող ընդունի»: