Բաժիններ՝

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման դրույքաչափերը բարձրացվեցին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 89 «կողմ» ձայներով:

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ հնարավոր չի եղել հանձնաժողովի նիստ գումարել և քննարկել պատգամավորների առաջարկներն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը: Այսպիսով` առաջին ընթերցմամբ ներկայացված նախագիծը չի փոփոխվել:

Օրենքի փոփոխությամբ փոխվեցին հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվեց կիսապրոգրեսիվ համակարգը: Այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին:

Օրենքի նախագծի ընդունմամբ ` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1500 դրամ
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 3000 դրամ
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 5500 դրամ
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 8500 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 000 դրամ

 

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.

Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս