«Ամեն մեկը պետք է պատասխան տա իր խոսքերի համար». Գեղամ Մանուկյան

«Մեր պայքարը չի ընդհատվում, մեր պահանջը մնում է նույնը: Այս ընթացքում իշխանությունը՝ հակառակ իր հայտարարությունների, թե բոլոր հնարավորությունները ստեղծել է ընդդիմության համար գործունեության համար, մոռանում է իր ճնշիչ,  մամլիչ հիմնական զենքերի  մասին՝ Ոստիկանություն, Հատուկ Քննչական ծառայություն, Քննչական կոմիտե»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մեկնարկի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա անդրադարձավ երեկ ԱԺ բակում տեղի ունեցած անհնազանդության ակցիային և ոստիկանության գործողություններին. «Քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքը գործադրելու ընթացքում ակնառու էր, որ ոստիկանությունը դիմեց շատ ավելի բիրտ միջոցների: Եթե ոստիկանությունում նշանակված ինչ-որ նոր պաշտոնյաներ կան, որոնց ուշքն ու միտքն է Նիկոլին համոզել, որ իրենք կարող են ավելի լավ ծառայել՝  ծառայել Նիկոլին, և ոչ թե՝ ՀՀ օրենքներին, պետք է իմանան, որ այդ օրենքները մի օր դեմ դիմաց կանգնելու են նրանց առաջ, նայելու են այդ պաշտոնյաների, սպաների աչքերի մեջ ու պահանջելու են պատասխան, խիստ պատասխան:

Երեկ քաղաքացիներն իրենց պահանջներն էին ներկայացնում, այսօր մենք շարժվում ենք դեպի Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ներկայացնելու ենք մեր դժգոհությունները, մեր պահանջները՝ օրենքը լիարժեք կատարելու համար»:

Հիշեցնենք, որ Երևանում Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի) մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը:

Նախօրեին՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան, Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև բազմաթիվ քաղաքացիներ «Իմ քայլի»՝ շենք մտնող պատգամավորներին հատուկ վերաբերմունքի էին արժանացնում: Ակցիայի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ ցուցարարների և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև:

Տեսանյութեր

Լրահոս