Բաժիններ՝

ՄԻՊ-ն ադրբեջանական ԶՈՒ հանցանքների վերաբերյալ հաղորդումներ է ուղարկել ընդհանուր իրավազորություն ունեցող պետությունների իրավապահ մարմիններին

Մարդու իրավունքների պաշտպանի ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction):

«Այդ հաղորդումները վերաբերում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելուն, այդ թվում` գլխատումներին, անմարդկային վերաբերմունքին, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին, մարմնի մասեր կտրելուն և այլն:

Հաղորդումների հետ միասին այդ երկրների իրավապահ մարմիններին է ներկայացվել օբյեկտիվ բնույթի 223 ապացույց՝ տեսանյութեր ու լուսանկարներ, այդ ապացույցների մանրամասն վերլուծություններ:

103 տեսանյութ ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվել, և թարգմանություներն ենթագրերով տեղադրվել են տեսանյութերում, տեսանյութերում արվել են հնարավոր բոլոր իդենտիֆիկացումները:

Տեսանյութերն ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության:

Իրավական ամրագրում է ստացել և վերլուծվել 120 լուսանկար, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են ադրբեջանցի զինվորականների կողմից մեր ռազմագերիների սոցիալական ցանցերն ապօրինի մուտք գործելուն ու դրանք ապօրինի կառավարելուն:

Հաղորդումների մեջ ներառվել են հետևյալ հիմնական հարցերը.

1) ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու վիրավորների կանխամտածված սպանություն,

2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք,

3) զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք,

4) ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում.

5) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում.

6) հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից:

Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Որքան հասկանում ենք, Օմբուդսմանի կողմից նման հաղորդում ներկայացնելն առաջին փորձն է երբևէ:

Այս հսկայածավալ աշխատանքը կատարվել է Պաշտպանի աշխատակազմի ու փորձագետների ջանքերով:

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներ Գուրգեն Պետրոսյանին (Gurgen Petrossian) և Մարիամ Մելքոնյանին (Mariam Melkonyan) աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս