Գարեգին Բ-ն հայրաբար հորդորել է տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրաբար հորդորել է տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը՝ արձագանքելով վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքներին:
«Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր: Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար»,- ասված է հայտարարությունում:
Գրառման մեջ նշվում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից: