Բաժիններ՝

Տիգրանակերտում տարածաշրջանի ամենախոշոր ժայռափոր ջրատարն է հայտնաբերվել. հնագետը մտահոգ է պեղավայրի ճակատագրով

Հայ հնագետները մտավախություն ունեն, որ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Տիգրանակերտում իրենց կատարած աշխատանքը ադրբեջանական կողմը կփորձի նսեմացնել, իսկ ջրատարը աղվանական համարել՝ խեղաթյուրելով պատմությունը: Տարիներ շարունակ Տիգրանակերտում իրականացված պեղումների արդյունքում հայկական արշավախումը հայտնաբերել է ժայռափոր խոշոր ջրատար, որն ամենահզորն է տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի կողքին է ապրում, խնդիրների է բախվելու: «Այսօրվա Ադրբեջանում ապրող մարդը, լինի թուրք կամ այլ ազգի ներկայացուցիչ, դեռ վերջնական չի գտել իրեն, իր ինքնությունը, նա չգիտի, թե ում ժառանգն է: Նրանք փնտրտուքի մեջ են, նրանք ցանկանում են իրենցը դարձնել այն տարածքները, որոնցում ապրում են: Դա միայն մեզ չի վերաբերում, վերաբերում է նաև վրացուն և բոլոր հարևաններին»,-նշեց Ավետիսյանը:

Անդրադառնալով Տիգրանակերտում կատարված պեղումներին՝ նա տեղեկացրեց, որ 2020-ին հինգ տարբեր տեղերում են աշխատել: Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախումբը կազմված է եղել Երևանի պետական համալսարանի և ինստիտուտի աշխատակիցներից, բայց պեղումների համար վճարել է Արցախի կառավարությունը: «Կատարված հսկայական աշխատանքի արդյունքում Տիգրանակերտում ժայռափորր ջրատար է բացվել: Արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը տարիներ շարունակ խոսում էր այդ մասին, բայց այս տարի ժայռափոր թունելներ բացվեցին, որոնցով ջրատարը տարվել է: Մենք խոշոր ջրանցքներ, ջրատարներ ունենք Արարատյան դաշտում, բայց Արցախում ֆիքսածը նախադեպը չունի»,-շեշտեց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում նման հիդրոշինարարական, ինժեներական կառույցները շատ քիչ են, և ջրատարի հայտնագործումը լրացնում է պատկերացումները ամբողջ տարածաշրջանում ջրամատակարարման համակարգերի մասին:

«Տիգրանակերտի ծրագիրն առանձնանում էր նաև նրանով, որ պեղումներից հետո այնտեղ բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին, և այն դարձավ զբոսաշրջության կարևոր օբյեկտ, ուխտավայր, իսկ հարևանությամբ ստեղծվեց Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, որտեղ պահվող բոլոր ցուցանմուշները դուրս են բերվել»,-տեղեկացրեց ինստիտուտի տնօրենը:

Խոսելով այն փաստի մասին, որ Տիգրանակերտն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է՝ նա ասաց, որ ադրբեջանցիներն ամեն առիթով կնսեմացնեն կատարված աշխատանքների թե՛ նպատակներն ու արդյունքները, թե՛ պատկանելիությունը:

«Նրանք կփորձեն յուրացնել այն ամենը, ինչը մերն է, և մենք պետք է ցույց տանք, թե որտեղ է անհեթեթությունը: Նրանք միլիոններ են ծախսում և հրատարակում են հոդվածներ, գրքեր, նյութեր, որոնցում բացակայում է գիտությունը: Օգտագործում են արտագիտական հնարավոր բոլոր եղանակները և ամբողջը տիրաժավորում, տարածում են: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը ինչ-որ ամբիոնում կարող է այդ նյութերն օգտագործել և ասել, որ այդ ամենը ադրբեջանական ժողովրդի անքակտելի սեփականությունն է, իսկ գիտությանը մոտ մարդը նման բան չի անի: Մենք պետք է պայքարենք դրա դեմ ու աշխարհին ցույց տանք իրականությունը: Պետք է ճշմարտությունը ներկայացնենք, տարածենք»,-շեշտեց նա:

Պավել Ավետիսյանը կարծում է, որ բնավ պետք չէ՝ բոլոր գիտնականներն իրենց աշխատանքը թողնեն ու զբաղվեն ադրբեջանցիների հրատարակություններով, սակայն անհրաժեշտ է կենտրոն ստեղծել, որում կընդգրկվեն գիտության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ ու կաշխատեն ճշմարտությունը ներկայացնելու ուղղությամբ, որովհետև մենք այն հասարակություններից ենք, որոնց պատմական հայրենիքի մի մասը դուրս է, և ակամայից վտանգված է այն ամենը, ինչը մենք ստեղծել ենք:

«Եղել է Հայոց ցեղասպանություն, կարող է և սպիտակ եղեռն լինել: Ամեն անգամ ձգտում են հայկական հետքը ջնջել, իսկ այդ կենտրոնը կկարողանա պայքարել ապատեղակատվության դեմ պետական մակարդակով, ոչ թե անհատապես: Անհրաժեշտ է արժանի հակահարված տալ»,-եզրափակեց Պավել Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս