«Հայաստանի հասարակության մեջ փաստացի առկա է ադրբեջանանպաստ գործողություններ իրականացնող վարչախումբ, և նրան սատարող հայանուն խառնամբոխ` մի կողմից, և Հայ հասարակություն` մյուս կողմից». Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լյուստրացիա

Ցանկացած հասարակության մեջ որևէ առանձին խմբավորման և բաժանարար գծերի առաջացումը բնականորեն տեղի է ունենում այս կամ այն իրողության վերաբերյալ ձևավորված կարծիքի, դրա հետևանքով արտահայտվող վերաբերմունքի, ինչպես նաև` սոցիալական կարգավիճակից բխող շահերի ընդհանրության հիման վրա: Այդպես են առաջանում քաղաքական, հասարակական, կամ քաղաքացիական միավորումներն ու կազմակերպությունները, այդպես են առաջանում շարժումները, շերտավորումներն ու բաժանումները: Հայաստանն այս առումով բացառություն չէ, և հետևաբար` հասարակության մեջ այս պահի դրությամբ ձևավորված բաժանարար գծերն ուղղակի հետևանքն են այն իրողության, որն այսօր առկա է:

Իսկ իրողությունը հետևյալն է.

– պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի դաշնության ուժային միջամտությամբ,

– Հայ հասարակությունը կորցրել է Հայրենիք` հանձինս Արցախի 80%-ի,

– հայկական հողերի հանձնման գործընթացը շարունակվում է` Հայաստանի տարածքները տարբեր անհիմն պատճառաբանություններով, շարունակաբար և անարգել զիջվում են Ադրբեջանին,

– Ռուսաստանի դաշնության միջամտության արդյունքում փրկվել են հազարավոր զինվորականներ:

Սրանք են իրողությունները, որոնց վերաբերյալ կարծիքներն ու դրանցից բխող վերաբերմունքի հիման վրա էլ հասարակության մեջ առաջացել են բաժանարար գծեր:

Հասարակության ճնշող մեծամասնության տրամաբանական եզրահանգումը մեկն է.

Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր սուբյեկտայնությունը, և փաստացի գտնվում է Ադրբեջանի ազդեցության գոտում:

Այդ են վկայում Ադրբեջանի հետ երկկողմանի բաց սահմանները, Հայաստանի դե ֆակտո կառավարության կողմից ադրբեջանական իշխանության ծրագրերի իրականացմանը չխոչընդոտելը, կամ նպաստելը, և արդեն չի բացառվում նաև` ընթացիկ հանձնարարականների կատարումը:

Տվյալ պնդումը հիմնավորող չհերքված փաստարկներն այնչափ մեծաքանակ են, և այնպիսի գույնզգույն մեծ փունջ են կազմում, որ դրանց անդրադառնալն ու ամբողջությամբ թվարկելը պարզապես ժամանակի կորուստ է:

Ովքեր ունեն ցանկություն, կարող են սկսել իշխանության զավթումից, Կաթողիկոսի վրա հարձակումից ու վեհարանի գրավումից, և ավարտել` խառնամբոխի կողմից զոհվածների հարազատների նկատմամբ բռնարարքներով, «Եռաբլուր»-ում ննջեցյալների շիրիմների ոտնահարմամբ, նաև` Հայաստանի Հանրապետության տարածքներում ադրբեջանական դրոշների անարգել ծածանմամբ:

Կարելի է հավելել նաև` Հայաստանի հասցեին (ի դեմս` փաստացի ղեկավարի) ադրբեջանական կողմի ծաղրանքներին ու ստորացուցիչ արտահայտություններին որևէ կերպ պաշտոնապես չարձագանքելու փաստն ու հայկական դե ֆակտո պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անթաքույց աղերսները: Սրանով կարելի ավարտել:

Սա նույնիսկ «կույրն» է տեսնում:

Ցավալի է, ողբալի է, որ այսպես է ստացվել, բայց սա այլևս իրողություն է:

Մյուս կողմը չի մերժում վերը նշված իրողությունները, սակայն պնդում է, որ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրվեց, որպեսզի փրկվեն հազարավոր հայ զինվորականներ: Դրանով հանդերձ իր փրկիչ է հռչակել գործող ղեկավարին, և անտեսում է մնացած անընդունելի և մերժելի իրողությունները:

Սակայն այս դեպքում էլ իրականությունն այլ է: Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանի դաշնությունը, համոզվելով որ հայկական կողմը այլևս չի շարունակում պայքարը, և որ կարճ ժամանակում հանձնվելու էին նաև` Ստեփանակերտն ու մնացածը, իսկ դա չէր բխում Ռուսաստանի դաշնության շահերից:

Այնպես որ, զինվորականների կյանքը իրականում փրկել է այն, որ Արցախի ամբողջական հանձնումը Ադրբեջանին չէր բխում Ռուսաստանի շահերից:

Այս հարցում հայկական իշխանությունները բացարձակապես ոչ մի կապ չունեն:

Հաշվի առնելով վերը նշվածը` Հայաստանի հասարակության մեջ տարանջատված խմբերը այլևս չեն կարող ներկայացվել, որպես դասական քաղաքական պայքարի մասնակիցներ` էլիտա, դասական ընդդիմություն, դասական իշխանություն, նախկին, ներկա, «զոմբի», «ժեխ», և այլն:

Այս դեպքում դրանք բոլորը մտացածին բնորոշումներ են, որովհետև մի կողմում թուրքն է` իր պատմական նկրտումներով, իսկ մյուս կողմում Հայն է` իր գոյության համար պայքարով:

Իրականում, Հայաստանի հասարակության մեջ փաստացի առկա է ադրբեջանանպաստ գործողություններ իրականացնող վարչախումբ, և նրան սատարող հայանուն խառնամբոխ` մի կողմից, և Հայ հասարակություն` մյուս կողմից:

Երրորդը չկա, և չի կարող լինել:

Հետևաբար` նրանք, ովքեր տարբեր պատճառաբանություններով փորձում են դիրքավորվել, որպես այլ կողմ` շատ հիմնավոր կերպով կարող են դասվել հայանուն խառնամբոխին, որովհետև պարզից էլ պարզ է, որ եթե հայ են, ուրեմն չեն կարող հայի և թուրքի միջև կռվում հանդես գալ, որպես երրորդ կողմ: Դա անհնարին է:

Այսօր այն օրն է, որ յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է վերջնականապես որոշի` ինքը ադրբեջանի շահերն է պաշտպանու՞մ, թե՞ Հայաստանի, այսինքն` ինքը հայանուն թրքակե՞րպ է, թե՞ Հայ հասարակության անդամ` Հայ…
Կրկնում եմ` երրորդը չկա, և չի կարող լինել:

Այնպես որ, բոլոր այն պնդումները, որոնցով փորձում են ընթացող գործընթացը ներկայացնել, որպես քաղաքական իշխանության համար դասական պայքար, էլիտայի բունտ, նախկին ներկայի պայքար, կամ չգիտեմ ինչ` սուտ են, դատարկ, կեղծ և մանիպուլյատիվ:

Թե ինչո՞ւ է այսպես ստացվել` կարելի է երկար քննարկել, բայց սա նույնպես իրողություն է:

ՀԳ

Հայտնի պատմվածքի վերջում արջը հարցնում է որսորդին` «Վերջապես կողմնորոշվիր` դու որսո՞րդ ես, թե՞…»:»:

Տեսանյութեր

Լրահոս