Իրանի հետ միջուկային գործարքի մասնակից երկրները հավաստել են կողմնակցությունը համաձայնագրին
Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հայտնել են համաձայնություններին եւ համաձայնագրի դրույթների իրականացմանը լիակատար կողմնակցությունը: Այդ մասին ասված է Ռուսաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի՝ տեսակապով կայացած խորհրդակցության արդյունքներին նվիրված համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է դեկտեմբերի 21-ին:
«ԳՀՀՊ-ի մասնակիցները վերստին հավաստեցին համաձայնագիրը պահպանելու՝ իրենց ցանկությունը»,- ասված է փաստաղթում, որը տարածել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Այնտեղ նշված է, որ նախարարները քննարկել են «բոլոր երկրների կողմից ԳՀՀՊ-ի լիակատար եւ արդյունավետ իրականացման» հնարավորությունը եւ «միջուկային զենքի չտարածման եւ (Իրանի դեմ) պատժամիջոցների վերացման բնագավառում պարտավորությունների իրականացման գործում գոյություն ունեցող մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությունը»:
Արտգործնախարարությունների ղեկավարներն ընդգծել են ՄԱԳԱՏԷ-ի դերը ԳՀՀՊ-ի կատարման նկատմամբ հսկողության հարցում՝ նշելով կազմակերպության հետ «համագործակցության շարունակման կարեւորությունը»: «Նրանք ընդգծել են, որ (2015 թվականին Անվտանգության խորհրդի ընդունած իրանական գործարքի շուրջը) թիվ 2231 բանաձեւը մնում է լիովին ուժի մեջ»,- նշված է հայտարարության մեջ: Փաստաթղթում նաեւ ասված է, որ ԳՀՀՊ-ի մասնակիցները «գնահատել են ԱՄՆ-ի՝ ԳՀՀՊ վերադարձի հեռանկարները եւ ընդգծել են համատեղ ուժերով այդ գաղափարը պաշտպանելու՝ իրենց պատրաստակամությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: