«Մենք հետ ենք բերելու Շուշին և Հադրութը, և դրա համար պիտի պայքարենք»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնետսագետ Հրանտ Բագրատյանն այսօր հրավիրված ասուլիսում վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը շատ քիչ ժամանակ է մնացել: Վերջինիս խոսքով՝ իշխանությունն անցումային, ժամանակավոր կառավարությանը փոխանցելուց հետո կան մի քանի գործողություններ, որոնք առաջնահերթ պետք է արվեն:

«Առաջին հերթին պիտի հասկանանք՝ ինչ ենք անում դրամի հետ: Դրամի կուրսի արժեզրկումը կարող է շարունակվել մինչև նոր գահավիժում: Հիմա ծախսում են պահուստները՝ կուրսը պահելու համար»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Տնտեսագետի խոսքով՝ գահավիժումը հիմնականում կապված է այն փաստի հետ, որ արտահանումից մուտքերը պակասել են, և, բացի դա, մեծ պահուստներ են օգտագործվել: Նրա խոսքով՝ միայն հոկտեմբերին շուրջ 550 միլիոն դոլար պահուստներ են օգտագործվել, որը, ըստ Բագրատյանի, նորմայից դուրս է: Ըստ նրա՝ հավանաբար եղել է զենքի գնում:

Երկրորդ քայլը, ըստ Բագրատյանի, հարկային մուտքերը կանոնակարգելն ու  կայունացնել է, որպեսզի մարդիկ վստահություհ ունենան, աշխատեն:

Տնտեսագետի խոսքով՝ երրորդ քայլը խոշոր բիզնեսի հետ լուրջ հանդիպումներ ունենալն է:

«Չորրորդը, վերջապես պետք է նախարարություններն իրենց գործառույթներն անեն, մարզերն իրենց գործառույթները անեն (ես չորրորդը պատահաբար եմ ասում, գուցեև առաջինը), արագորեն շարեն Հայաստանի սահմանների, ճիշտ սահմանների վրա զորքը, որովհետև այսօր Հայաստանը Սյունիքի մասում այնքան նեղ է, որ այնտեղ սահմանապահների գործառույթները, նկատի ունեմ Ադրբեջանի և Նախիջևանի սահմանները, և բանակի գործառույթները համընկնում են: Նեղ՝ 40 կմ-անոց միջանցք է»,- նշեց նա:

ՀՀ նախկին վարչապետի խոսքով՝ պետք է նաև կարգավորել հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի, ինչպես նաև՝ դաշնակիցներ Չինաստանի ու Իրանի հետ: Ըստ Բագրատյանի՝ այս գործողությունները  2-3 շաբաթ հետո կսկսեն արդյունք տալ:

«Մենք հետ ենք բերելու Շուշին և Հադրութը, ես դրանում վստահ եմ: ԼՂԻՄ-ի տարածքները կվերականգնվեն, ես դրանում վստահ եմ, դրա համար պիտի պայքարենք: Մենք պետք է վերականգնենք բանակի մարտունակությունը և միանգամից արդեն ստեղծենք նոր բանակ»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս