«Մեր տեղեկություններով, Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց տղայի հետ, շտապում էր Երևան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ». Հրանտ Բագրատյան

2020 թվականի պատերազմը դեռ մի քանի տարի կլինի քննարկման առարկա՝ ոչ միայն քննական-վերլուծական, այլև դատական գործի շրջանակներում: Նման դիտարկում այսօր հրավիրված ասուլիսում ասել  է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Վերջինիս խոսքով՝ առնվազն 2 մարդու նկատմամբ կան դավաճանություն իրականացնելու հիմքեր:

«Առաջինը և հիմնականը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է: Ես անձամբ մեղադրում եմ Փաշինյանին, որ նա ձեռքի տակ ունեցել է զենք և չի օգտագործել: Խոսքս, մասնավորապես, մեր միջուկային թափոնների մասին է, որը մի օրում, մի ժամում կկանգնեցներ ադրբեջանաթուրքական առաջընթացը: Չի արվել: Ընդ որում, իրեն ասվել է  այդ մասին: Չի արվել, չգիտեմ՝ ինչի…

Սեպտեմբերի 28-ին Ղարաբաղում էի, երեկոյան, կարող եմ հիմա դա ասել, Ղարաբաղի ղեկավարությունը նստած գիշերը ես ասել եմ՝ ունեք մի խնդիր, հեռացրեք Նիկոլ Փաշինյանին: Մենք այստեղ չունենք ադրբեջանական բանակի խնդիր, մենք այստեղ չունենք գործող բայրաքթար կամ բան… Նրանք ասել են՝ «այնուամենայնիվ, եթե Նիկոլ Փաշինյանը գնա, հակառակորդը շարունակի գրոհը, էս կրակը, որ թափվում ա երկնքից…», ասել եմ՝ շատ հստակ ունեք պաշտպանության ձև»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա նաև մի ուշագրավ բացահայտում արեց պատերազմի օրերին զոհված Ռուստամ Գասպարյանի վերաբերյալ:

«Մեր ունեցած նախնական տեղեկություններով՝ Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց տղայի հետ, շտապում էր Երևան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև այդպիսի արտահայտություններ եղել են: Եղել են գործող, կենդանի հրամանատարների կողմից»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով, իր խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իրականացրած դավաճանական գործողություններին՝ նաև հիշեցրեց հոկտեմբերի 19-ի առաջարկի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հայտարարությունը:

«Երկրորդ մարդը, որին մենք նույնպես մեղադրում ենք դավաճանության մեջ, դա Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է: Այս մարդուց ամեն բան սպասելի է»,- ասաց Բագրատյանը՝ հիշեցնելով պատերազմի օրերին Արմեն Սարգսյանի հարցազրույցները, որոնց ժամանակ վերջին պարբերաբար հայտարարել է, թե հայերը գազամուղներին կամ նավթամուղներին խփող չեն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս