
Անհայտության մեջ մնացած և վերադարձած 6 ժամկետայինների հարազատներին թույլ է տրվել տեսակցել իրենց զինվորներին

Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած և հայրենիք վերադարձած 6 ժամկետային զինծառայողները առաջիկա օրերին կլինեն բժիշկների հսկողության ներքո: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Տղաները ներկայում բժիշկների հսկողության տակ են, առաջիկա օրերին դեռ կմնան բուժհաստատությունում, սակայն արդեն հարազատներին, ընտանիքներին թույլ է տրվել գալ և տեսնել իրենց զինվորներին: Այս պահին կարող եմ ասել, որ նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա, պարզապես տղաները շատ թույլ են ու հյուծված: Ամեն դեպքում, առաջիկա օրերին ևս անհրաժեշտ բուժզննում կանցնեն: Ամեն ինչ արվում է, որ շուտ կազդուրվեն»,-ասաց Հունան Թադևոսյանը: