Առուշ Առուշանյանին որպես պատա՞նդ են պահում. Ոստիկանությունը հրաժարվում է ասել՝ ինչ հոդվածով է գործ հարուցվել, իսկ ՔԿ-ն դեռ գործը չի ստացել
Վաղ առավոտյան տեղեկատվոթյուն ստացվեց, որ բերման է ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
Հիշեցնենք, որ երեկ Առուշ Առուշանյանը կոչ էր արել փակել Սյունիքի դարպասները՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ:
«Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․»,- գրել էր նա:
Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել քրեական գործի շրջանակներում և փոխանցվել Քննչական կոմիտե։ Այս մասին 168.am-ին տեղեկացրել էին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` պատասխանելով այն հարցին, թե երբ է ազատ արձակվելու Առուշ Առուշանյանը, քանի որ բերման ենթարկելու 3 ժամն անցել է արդեն։
Այլ հարցերի պատասխանները ստանալու համար մեզ խորհուրդ տվեցին դիմել Քննչական կոմիտե։
Քննչական կոմիտեից, սակայն, մեզ ասացին, որ քրեական գործը չեն ստացել, հետևաբար` մանրամասներ չեն կարող հայտնել հոդվածի, Առուշանյանի կարգավիճակի վերաբերյալ։
Սա ըստ էության նշանակում է, որ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել ոչ թե նախկինում Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործերի, այլ նոր հարուցված քրեական գործի շրջանակում:
Կրկին կապ հաստատեցինք ոստիկանության հետ՝ ցանկանալով ճշտել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է այսօր քրեական գործ հարուցվել Առուշ Առուշանյանի նկատմամբ:
Մեզ փոխանցեցին, որ հավելելու բան չունեն՝ կրկին հորդորելով մանրամասները ճշտել Քննչական կոմիտեից:
Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ Ոստիկանությունը հարուցում է քրեական գործ, սակայն հրաժարվում է տեղեկացնել՝ ինչ հոդվածով, ինչո՞ւմ է մեղադրվում մարդը: Սույնով կարող ենք արձանագրել, որ Առուշ Առուշանյանին մինչ այս պահը պատանդ են պահում, մինչև հասկանան՝ ինչ հոդված կարող են «կարել» վերջինիս վրա:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Գորիսի համայնքապետն այս պահին Կապանում է: