Արցախյան երկրորդ պատերազմը Գերմանիային ստիպել է մտափոխվել ԱԹՍ-ների համար հրթիռներ գնելու հարցում
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմը Գերմանիայի խորհրդարանին ստիպել է մտափոխվել անօդաչու թռչող սարքերի համար հրթիռներ գնելու հարցում: Այս մասին հայտնում է գերմանական հեղինակավոր Deutsche Welle պարբերականը:
Լրատվամիջոցը նշում է, որ Գերմանիան մոտակա ամիսներին ձեռք կբերի իսրայելական արտադրության հինգ նոր Heron TP ԱԹՍ-ներ, որոնք կարողանում են օդում մնալ ավելի քան 30 ժամ և, նույնիսկ, եղանակային վատ պայմաններում փոխանցել երկրի վրա գտնվող օբյեկտների ճշգրիտ կոորդինատները: Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը մտադիր է ԱԹՍ-ները զինել համապատասխան հրթիռներով, սակայն Բունդեսթագը դեմ է արտահայտվել այդ որոշմանը:
Գերմանիայի խորհրդարանում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ անօդաչու թռչող սարքերը ոչ միայն պաշտպանվելու համար են, քանի որ այդ պատերազմը վարում էին հենց ԱԹՍ-ները: Այս հանգամանքը Գերմանիային հետ է պահել ԱԹՍ-ների համար մարտական հրթիռներ գնելու մտքից, որպեսզի այն հավելյալ գրգռիչ ազդեցություն չունենա թշնամիների վրա: